Քեմբրիջի համալսարանի հետազոտողները դյուրակիր Revoice սարք են մշակել, որն ի վիճակի է վերականգնել ուղեղի կաթված ստացած բուժառուների խոսքը՝ առանց ինվազիվ ուղեղի իմպլանտների, գրում է Nature Communications հանդեսը։
Revoice-ը ներկառուցված գերզգայուն սենսորներով փափուկ «չոկեր» է (choker, սովորաբար խխունջից, փայտից, ոսկորից, ազնիվ մետաղներից, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերից, կաշվից, պլաստմասսայից, թավիշից, ատլասից և նմանատիպ նյութերից պատրաստված՝ պարանոցին պինդ կապվող կարճ վզնոց –խմբ.): Դրանք գրանցում են կոկորդի մկանների միկրոթրթռումները և օգտատիրոջ սրտի տրոփյունը։ Արհեստական բանականությունը վերլուծում է այդ ազդանշանները և վերակառուցում նախատեսված խոսքն իրական ժամանակում, նույնիսկ եթե անձը չի կարողանում բառերը բարձրաձայն արտասանել։
Տեխնոլոգիան նախատեսված է դիսարտրիայից՝ ուղեղի կաթվածից հետո խոսքի խանգարում առաջացնող հիվանդությունից տառապող բուժառուների համար, որի դեպքում դեմքի և ձայնալարերի մկանները թուլանում են։ «Ուղեղի և կոկորդի մկանների միջև ազդանշանները խաթարվում են, և բուժառուները գիտեն, թե ինչ են ուզում ասել, բայց չեն կարողանում»,- պարզաբանում է պրոֆեսոր Լուիջի Օչիպինտին։
Revoice համակարգն օգտագործում է արհեստական բանականության երկու մոդուլ. մեկը վերակառուցում է բառերն անձայն արտասանությունից, իսկ երկրորդը վերլուծում է համատեքստը և հուզական վիճակը՝ հաշվի առնելով, օրինակ, սրտի տրոփյունը և սթրեսի մակարդակը։ Դա հնարավորություն է ընձեռում ամբողջական և տպավորիչ արտահայտություններ ձևակերպել:
Հինգ բուժառուների մասնակցությամբ նախնական փորձարկման ժամանակ սխալի հաճախականությունը բառային մակարդակում կազմել է 4,2%, իսկ նախադասության մակարդակում՝ 2,9%: Համեմատության համար նշենք, որ շատ այլընտրանքային համակարգեր խոսքի միջոցով կատարվող դանդաղ մուտքագրում կամ աչքերի շարժումներ են պահանջում։
Օրինակներից մեկում համակարգը «We go hospital» («Գնում ենք հիվանդանոց») երեք լուռ բառերը վերածել է ընդարձակ նախադասության՝ հաշվի առնելով հույզերը. «Թեև արդեն ուշ է, ես առաջվա պես վատ եմ զգում: Կարո՞ղ ենք հիմա հիվանդանոց գնալ»։
Փորձարկման մասնակիցները հայտնել են հաղորդակցությունից բավարարվածության 55% աճի մասին: Մշակողները մտադիր են ընդլայնված կլինիկական փորձարկումներ անել և հույս ունեն, որ Revoice-ը ինքնավար կդառնա, կաջակցի բազմաթիվ լեզուների և հույզերի ավելի լայն շրջանակ կընդգրկի:






