Հղիության ընթացքում պարացետամոլի ընդունումն անվտանգ է և որևէ ապացույց չի հայտնաբերվել այն մասին, որ այն բարձրացնում է երեխաների մոտ աուտիզմի, ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշի կամ զարգացման այլ խանգարումների ռիսկը: Այս եզրակացությանն են եկել հետազոտական գրականության լայնածավալ տեսության հեղինակները:

Հոդվածը հրապարակվել է առաջատար գիտական The Lancet Obstetrics, Gynaecology & Women's Health ամսագրում: Հեղինակներն ընտրել են հղիության ընթացքում պարացետամոլի կիրառման վերաբերյալ 43 առավել հուսալի հետազոտություններ: Դրանցում վերլուծվել են հարյուր հազարավոր կանանց պատմություններ, ընդ որում՝ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել այն հղիությունների համեմատությանը, որոնց ժամանակ մայրն ընդունել է ցավազրկող դեղամիջոց և չի օգտագործվել պարացետամոլ:

Որակի այլ չափանիշներ են եղել քույրերի և եղբայրների միջև համեմատությունը, ինչը թույլ է տվել բացառել գենետիկայի և ընտանեկան միջավայրի ազդեցությունը, ինչպես նաև երեխաների նկատմամբ ավելի քան հինգ տարի տևած դիտարկումը։

«Երբ մենք իրականացրեցինք այս վերլուծությունը, չգտանք որևէ կապ, որևէ առնչություն կամ որևէ նշան այն մասին, որ պարացետամոլը բարձրացնում է աուտիզմի ռիսկը»,— BBC-ին տված հարցազրույցում ասել է հետազոտության առաջատար հեղինակ, մանկաբարձ-խորհրդատու, պրոֆեսոր Ասմա Խալիլը։— «Եզրակացությունն ակնհայտ է. պարացետամոլը անվտանգ է մնում ընտրություն հղիության ընթացքում, եթե այն ընդունվում է հանձնարարականների համաձայն»։

Հղիների համար գործող բժշկական հանձնարարականները ուղղակիորեն ցուցում են տալիս օգտագործել պարացետամոլ՝ ցավը մեղմելու և ջերմությունը իջեցնելու համար։ Նման բուժումից հրաժարվելը բարձրացնում է վիժման, վաղաժամ ծննդաբերության և մանկան մոտ զարգացման խանգարումների ռիսկը։

Անցյալ տարվա սեպտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե պարացետամոլը «լավ տեղ չի տանի» և որ հղի կանայք պետք է «դիվային համառությամբ պայքարեն» դրա ընդունումից խուսափելու համար»։

Այն ժամանակ նրա խոսքերը քննադատության են ենթարկվել ողջ աշխարհի բժշկական կազմակերպությունների կողմից։ Ըստ փորձագետների՝ Lancet-ում տեղ գտած նոր հրապարակումը համապատասխանում է գիտական ամենաբարձր չափանիշներին և պետք է վերջակետ դնի պարացետամոլի անվտանգության շուրջ վեճերին։

Թրամփի վարչակազմի որոշ ներկայացուցիչներ վկայակոչում էին այն փաստը, որ «բազմաթիվ փորձագետներ» կասկածներ են հայտնել պարացետամոլի անվտանգության վերաբերյալ, որը վաճառվում է տարբեր ապրանքանիշերի ներքո, ներառյալ՝ Tylenol-ը։

ԱՄՆ առողջապահության նախարարության ներկայացուցիչը հիշատակել է 2025 թվականի օգոստոսին հրապարակված գրականության տեսությունը, որը պատրաստվել էր Հարվարդի հանրային առողջության դպրոցի դեկան Էնդրյու Բակարելիի գլխավորած հետազոտողների խմբի կողմից։ Հեղինակները եզրակացրել էին, որ պարացետամոլը (նույն ինքը՝ ացետամինոֆենը) կարող է կապված լինել երեխաների մոտ աուտիզմի և ուշադրության պակասի ու հիպերակտիվության համախտանիշի բարձր ռիսկի հետ, հատկապես հղիության ընթացքում «մեծ չափաբաժիններով կամ երկար ժամանակ» ընդունելու դեպքում։

Դրանից դեռ շատ առաջ առողջապահության նախարար Ռոբերտ Քենեդի կրտսերը հայտարարել էր երեխաների մոտ աուտիզմի դեպքերի աճի պատճառը պարզելու մտադրության մասին»։

Սեպտեմբերին Թրամփը կոչ է արել բժիշկներին պարացետամոլ չնշանակել հղի կանանց։ Դրանից հետո Սննդամթերքի և դեղերի որակի վերահսկման վարչությունը (FDA) նամակ է ուղարկել կլինիցիստներին, այսինքն՝ գործող բժիշկներին, հորդորելով զգուշությամբ ացետամինոֆեն նշանակել հղիներին։ Միևնույն ժամանակ, փաստաթղթում ընդգծվում էր, որ դա միակ ջերմիջեցնող միջոցն է, որը հաստատված է հղիության ընթացքում կիրառման համար։

FDA-ի կայքում նույնպես նշվում է, որ դեղամիջոցի ընդունման և նյարդաբանական խանգարումների միջև «պատճառահետևանքային կապ» հաստատված չէ։

Փորձագետները, ովքեր չեն մասնակցել տեսության պատրաստմանը, ողջունել են դրա եզրակացությունները՝ նշելով, որ այն կօգնի նվազեցնել հղի կանանց տագնապը։

Ինչպես արտահայտվել է Լոնդոնի Քինգս քոլեջի պրոֆեսոր Գրեյն Մակալոննան, նման վիճակում գտնվող կանանց «ավելորդ սթրես պետք չէ այն կասկածների պատճառով, թե գլխացավի դեմ սովորական միջոցը կարող է հետևանքներ ունենալ երեխայի առողջության համար»

«Հուսով եմ՝ ուսումնասիրության արդյունքները կօգնեն ավարտին հասցնել այս բանավեճը», - հավելել է նա։

Լոնդոնի հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցի պրոֆեսոր Իան Դագլասը տեսությունն անվանել է «որակյալ» և ընդգծել, որ դրանից դուրս են մնացել ցածր մակարդակի այն հետազոտությունները, որոնցում պարացետամոլ ընդունած և չընդունած մայրերի համեմատության ժամանակ հաշվի չէին առնվել այնպիսի կարևոր գործոններ, ինչպիսիք են ուղեկցող հիվանդությունները:

Բերգենի համալսարանի մոլեկուլային նյարդակենսաբան և կլինիկական հոգեբույժ, պրոֆեսոր Յան Հաավիկն ասել է, որ տեսությունը «ծանրակշիռ ապացույցներ» է տալիս առ այն, որ հղիության ընթացքում պարացետամոլի կիրառումը չի բարձրացնում երեխաների մոտ աուտիզմի, ՈւՊՀՀ-ի և մտավոր խանգարումների ռիսկը: Նա նաև հույս է հայտնել, որ այս թեմայով քննարկումները կավարտվեն:

Գիտնականների շրջանում գերակշռում է այն տեսակետը, որ աուտիզմը զարգանում է գործոնների բարդ համակարգի, այդ թվում՝ գենետիկական և շրջակա միջավայրի ազդեցության ներքո