Ժնևի համալսարանի և Ֆրայբուրգի համալսարանական բժշկական կենտրոնի հետազոտողները պարզել են, որ նույնիսկ կարճ ցերեկային քունը նպաստում է ուղեղի վերականգնմանը և բարելավում է նոր տեղեկությունների յուրացումը: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են NeuroImage բժշկագիտական հանդեսում:
Գիտնականները ցույց են տվել, որ օրվա ընթացքում 40-50 րոպե ցերեկային քունը բավարար է ակտիվ օրվա ընթացքում կուտակվող նյարդային կապերի գերբեռնվածությունը նվազեցնելու համար: Արթուն վիճակում նյարդային բջիջների միջև կապերն ամրապնդվում են, ինչը կարևոր է ուսուցման համար, սակայն ժամանակի ընթացքում դա հանգեցնում է հագեցվածության և նոր տեղեկություններն ընկալելու ունակության նվազման: Քունը գործարկում է «սինապսային մաքրման» գործընթաց՝ նոր կապերի համար ազատելով ուղեղի ռեսուրսները:
Հետազոտությանը մասնակցել են 20 առողջ երիտասարդներ, ովքեր տարբեր օրերին կամ քնած են եղել, կամ արթուն են մնացել: Էլեկտրաէնցեֆալոգրաֆիան և տրանսկրանիալ մագնիսական խթանումն օգտագործվել են նեյրոնային ցանցերի ճկունությունը և դրանց ուսուցման պատրաստակամությունը գնահատելու համար: Քնից հետո կապի ընդհանուր ակտիվության նվազում է նկատվել, միաժամանակ նորերը ձևավորելու ունակությունը մեծացել է, ինչը վկայում է վերականգնողական ազդեցության մասին:
Ըստ հեղինակների՝ արդյունքները պարզաբանում են, թե ինչու են մարդիկ ավելի հեշտ կենտրոնանում և տեղեկությունները յուրացնում կարճատև քնից հետո։ Այդ ազդեցությունը հատկապես օգտակար է բարձր մտավոր սթրեսի ժամանակահատվածներում, մասնավորապես՝ ուսման, աշխատանքի, սպորտի կամ ուշադրություն և ճշգրտություն պահանջող մասնագիտություններում։ Հետազոտողները պարզաբանում են, որ խոսքը կարճատև ցերեկային քնի մասին է, այլ ոչ թե գիշերային քնին փոխարինող քնի։






