Նույնիսկ ֆիզիկական ակտիվության նվազագույն ավելացումը՝ օրական ընդամենը հինգ րոպե, կարող է զգալիորեն նվազեցնել վաղաժամ մահվան վտանգը: Այս եզրակացության են հանգել լայնածավալ հետազոտության հեղինակները: Աշխատանքը հրապարակվել է The Lancet ամսագրում:

Հետազոտությունն անցկացրել է գիտնականների միջազգային թիմը՝ մարզական գիտությունների նորվեգական դպրոցի մասնագետների գլխավորությամբ: Հետազոտողները վերլուծել են կրելի սարքերից ստացված տվյալները մի քանի երկրների ավելի քան 130 հազար մարդկանց վրա՝ հասկանալու համար, թե ինչպես են ամենօրյա ակտիվության փոքր փոփոխությունները կապվում կյանքի տեւողության հետ:

Հեղինակները կենտրոնացել են երկու խմբի վրա՝ այսպես կոչված բարձր ռիսկի խումբը՝ մասնակիցների ամենաքիչ ակտիվ 20 տոկոսը, եւ ավելի լայն պոպուլյացիա, որը ներառում է բոլորին՝ բացառությամբ ամենաակտիվ 20 տոկոսի: Հաշվարկները ցույց են տվել, որ օրական լրացուցիչ 5 րոպե չափավոր կամ ինտենսիվ ֆիզիկական ակտիվությունը կարող է կանխել բարձր ռիսկի խմբում բոլոր մահերի մինչեւ 6 տոկոսը եւ պոպուլյացիոն մասշտաբով՝ մինչեւ 10 տոկոսը: Նստելու ժամանակը օրական 30 րոպեով կրճատելը նույնպես նվազեցրել է մահվան ռիսկը, թեեւ ավելի փոքր չափով:

Այս ազդեցությունը հատկապես ցայտուն է եղել այն մարդկանց շրջանում, ովքեր ամենաքիչն են ակտիվ եղել եւ օրվա մեծ մասն անցկացրել են նստած։ Նրանց համար նույնիսկ փոքր փոփոխությունները՝ կարճ զբոսանքը, աստիճաններով բարձրանալը կամ մի քանի րոպե ակտիվ շարժումները, ապահովել են առողջության համար ամենամեծ պոտենցիալ օգուտները։

«Մենք տեսնում ենք, որ նույնիսկ ակտիվության մակարդակի փոքր եւ իրատեսական փոփոխությունները կարող են զգալի օգուտներ բերել, հատկապես ամենանստակյաց անհատների համար»,- նշել են հետազոտության հեղինակները։

Ընդ որում՝ ԱՀԿ առաջարկը մնում է անփոփոխ՝ շաբաթական առնվազն 150 րոպե չափավոր կամ ինտենսիվ ֆիզիկական ակտիվություն։ Սակայն նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ այս նպատակներին հասնելը կարող է սկսվել բնավ ոչ մեծ քայլերից։