Կոպերի, ձեռքերի կամ ոտքերի մկանների ակամա կծկումները տարածված են, որոնց բախվում են մարդկանց մոտ 70%-ը։ Սովորաբար նման ջղակծկումները տևում են կարճ ժամանակահատվածներ՝ մի քանի վայրկյանից մինչև մի քանի ժամ, կամ, ավելի հազվադեպ, օրեր, և շատ դեպքերում լուրջ առողջական խնդիրների մասին չեն վկայում։ Փորձագետները պարզաբանել են, թե երբ պետք է զգույշ լինել և ինչն է ամենից հաճախ նման ախտանիշներ առաջացնում։
Բժիշկները տարբերակում են ցնցումների երկու տեսակ։ Առաջինը միոկլոնուսն է, երբ կծկվում է ամբողջ մկանը կամ մկանների խումբը։ Երկրորդը՝ ֆասկիկուլացիաները, որոնց դեպքում մաշկի տակ տեսանելի են կամ առանձին մկանային մանրաթելերի նուրբ շարժումներ են զգացվում։
Թեև շատերը նման ախտանիշները կապում են վտանգավոր նյարդաբանական հիվանդությունների հետ, հետազոտություններից հետո հաճախ պարզվում է, որ ցնցումների պատճառ են դառնում սովորություններն ու ապրելակերպը։
Առավել տարածված գրգռիչ է համարվում կոֆեինի ավելցուկը։ Այդ խթանիչն ազդում է ոչ միայն սրտանոթային համակարգի, այլև մկանների վրա՝ խաթարելով դրանց թուլացումը և բջիջներում կալցիումի հավասարակշռությունը, ինչը հանգեցնում է ջղակծկումների։ Նմանատիպ ազդեցություններ կարող են առաջացնել նաև նիկոտինը և այլ խթանիչներ։
Ցնցումները հաճախ ի հայտ են գալիս որոշակի դեղամիջոցների, դրանց թվում՝ հակադեպրեսանտների, հակացնցումային դեղամիջոցների, արյան ճնշման դեղամիջոցների, որոշակի հակաբիոտիկների և անզգայացնողների տարածված կողմնակի ազդեցության ներքո։
Կարևոր դեր է խաղում նաև միկրոտարրերի անբավարարությունը։ Կալցիումի անբավարարության դեպքում նյարդային վերջավորությունները չափազանց զգայուն են դառնում, ինչը հանգեցնում է մկանների ինքնաբուխ ջղակծկմանը։ Մագնեզիումի և կալիումի պակասը ևս կարող է ջղակծկումներ առաջացնել, հատկապես ջրազրկման ժամանակ կամ ինտենսիվ մարզումներից հետո։
Չպետք է մոռանալ նաև սթրեսի գործոնը։ Ուժեղ լարվածության ժամանակ օրգանիզմում ադրենալինի մակարդակը բարձրանում է, մեծացնելով նյարդային համակարգի ակտիվությունը և կարող է մկանների կծկումներ առաջացնել նույնիսկ հանգստի վիճակում։
Երբեմն մկանային ջղակծկումներ կարող են առաջացնել վարակները, մասնավորապես՝ փայտացումը, Լայմի հիվանդությունը, գրիպը, հերպեսը կամ մակաբուծային հիվանդությունները։
Եթե լուրջ հիմքում ընկած հիվանդություններ չեն հայտնաբերվում, բժիշկը կարող է բարորակ ֆասցիկուլյացիայի համախտանիշ ախտորոշել։ Այն հանդիպում է առողջ մարդկանց մոտ 1%-ի շրջանում և կարող է երկար ժամանակ պահպանվել՝ մնալով տհաճ, սակայն անվնաս։
Ընդհանուր առմամբ, մկանների ցնցումները ամենից հաճախ հոգնածության, սթրեսի կամ սննդային անբավարարության անվնաս արձագանք են։ Սակայն, եթե ախտանիշները վատթարանում են, ի հայտ գալիս ցավի, թուլության կամ այլ անհանգստացնող այլ նշաններ, փորձագետները խորհուրդ են տալիս դիմել բժշկի՝ լուրջ հիվանդությունները բացառելու համար։






