Ադենոմայի հայտնաբերման ինչպիսի՞ ցուցանիշ ունեք:
Ահա սա է այն ամենակարեւոր հարցը, որ հիվանդը, նախքան կոլոնոսկոպիայի ենթարկվելը, գաստրոէնտերոլոգին պետք է ուղղի:
Բանն այն է, որ հետագայում հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը մասնակիորեն կոլոնոսկոպիայի ընթացքում բժշկի՝ նախաքաղցկեղային գոյացությունները նկատելու կարողությունից է կախված, հաղորդում է NewsMax Health-ը:
Ընդհանուր առմամբ, կոլոնոսկոպիան հաստ աղիքի քաղցկեղի կանխարգելման եւ ախտորոշման ոսկե ստանդարտն է հանդիսանում, քանի որ կարող է ոչ միայն ուռուցքների, այլ նաեւ տեղում հեռացման ենթակա նախաքաղցկեղային պոլիպների հայտնաբերման հանգեցնել:
Առանձին բժիշկներ կարող են նախաքաղցկեղային պոլիպները կամ ադենոմաները հայտնաբերելու բարձր վարպետություն դրսեւորել: Իսկ որ ադենոմայի հայտնաբերման ցուցանիշի եւ հետագայում հաստ աղիքի քաղցկեղով ախտորոշման ռիսկի միջեւ շոշափելի կապ է գործում՝ բորովին վերջերս՝ New England Journal of Medicine ամսագրում նկարագրություն գտած հետազոտության շրջանակում է բացահայտվել:
Մասնավորապես, ԱՄՆ Քալիֆորնիա նահանգում բնակվող ավելի քան 224 հազար հիվանդների վերաբերյալ բժշկական հետազոտությունների վերլուծության արդյունքում պարզվել է, որ որքան բարձր է բժշկի ադենոմայի հայտնաբերման ցուցանիշը, այնքան հաստ աղիքի քաղցկեղից մահանալու ցածր ռիսկ է գործում: Առաջին ցուցանիշի՝ յուրաքանչյուր 1 տոկոսի չափով նվազեցումը կարող է առաջիկա մեկ տասնամյակի ընթացքում հաստ աղիքի քաղցկեղով ախտորոշման ռիսկի՝ 3 տոկոսի չափով կրճատման հանգեցնել:
«Երեւույթի պատճառն այն է, որ նախաքաղցկեղային գոյացությունները, հայտնաբերման պարագայում, անմիջապես հեռացվում են եւ հետագայում քաղցկեղի վերածման հնարավորությունից զրկվում», - մեկնաբանել է հետազոտության հեղինակ, Օուքլենդի Kaiser Permanente հիվանդանոցի գաստրոէնտերոլոգ դոկտոր Դուգլաս Քորլին:
Նա իր գլխավորությամբ գործող գիտահետազոտական խմբի բացահայտումներն «առաջին քայլն» է որակել՝ ադենոմայի հայտնաբերման ցուցանիշի՝ կոլոնոսկոպիայի որակի չափման միավորի տեսքով ծառայեցման գործում:
Հատկանշական է, որ հետազոտությանն իրենց մասնակցությունը չբերած բազմաթիվ գաստրոէնտերոլոգներ համաձայնել են եզրահանգումների հետ:
«Ներկայումս բազմաթիվ բժիշկներ իրենց մասնագիտական որակի մասին վկայող մի շարք ցուցանիշներ են գրավոր տեսքով հիվանդներին ներկայացնում: Նմանատիպ տեղեկություններ կարելի է նաեւ ինտերնետային կայքերում գտնել», - նշել է գաստրոէնտերոլոգների ամերիկյան ասոցիացիայի խորհրդատուներից մեկը:
Իսկ ո՞րն է ադենոմայի հայտնաբերման լավ ցուցանիշ համարվում: Վերը հիշատակված խորհրդատուի մեկնաբանմամբ, տղամարդկանց պարագայում խոսքն առնվազն 25 տոկոսի, իսկ կանանց մոտ՝ 15 տոկոսի մասին կարող է գնալ (ադենոման առավելապես տղամարդկանց է հատուկ):
Մինչդեռ պրակտիկայում այն 7-ից ավելի քան 52 տոկոսի կարող է հասնել: «Ադենոմայի հայտնաբերման ցուցանիշի՝ այդչափ տարբեր լինելու համար մի շարք պատճառներ գոյություն ունեն: Դրանցից մեկը հիվանդների բազմազանությունն է հանդիսանում», - մեկնաբանել է դոկտոր Քորլին:
Եթե բժիշկն ավելի շատ իգական սեռի կամ երիտասարդ տարիքի հիվանդներով է զբաղվում, ապա, բնականաբար, ադենոմայի հայտնաբերման համեմատաբար ցածր ցուցանիշ կարող է ունենալ: Այդուհանդերձ, ասվածից դեռեւս չի բխում, թե վարպետության մակարդակն անկարեւոր է:
«Ադենոմաների հայտնաբերման եւ հեռացման վարպետությունը եւս կարող է փոփոխական լինել», - նշել է դոկտոր Քորլին՝ հավելելով, որ իր գլխավորությամբ գործող գիտնականները ներկայումս փորձում են ցածր ցուցանիշ ունեցող բժիշկների շրջանում վերապատրաստական դասընթացների իրականացման արդյունավետությունը պարզել:
Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնը ներկայացնող փորձագետների համոզմամբ, կոլոնոսկոպիան պետք է 50-75 տարեկան հասակում՝ յուրաքանչյուր 10 տարին մեկ իրականացվի: Ավելի ուշ տարիքում հետազոտության հաճախականությունը կարող է բժիշկը որոշել:






