Կորոնավիրուսի քայքայումից հետո օրգանիզմում մնացած «զոմբի-բեկորները» կարող են ոչ միայն պահպանել քրոնիկական բորբոքումը տևական COVID-19-ի ժամանակ, այլև ուղղակիորեն ոչնչացնել իմունային համակարգի բջիջները։ Նման եզրակացության է եկել գիտնականների միջազգային խումբը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են PNAS (Proceedings of the National Academy of Sciences) ամսագրում։

Աշխատության հեղինակները ցույց են տվել, որ SARS-CoV-2 վիրուսի տրոհումից հետո օրգանիզմում պահպանվում են սպիտակուցային բեկորներ, որոնք շարունակում են ակտիվորեն փոխազդել բջիջների հետ։ Այս բեկորները գործում են ոչ թե հատ-հատ, այլ խմբերով և ընտրողաբար գրոհում են այն իմունային բջիջները, որոնք ունեն թաղանթի բնորոշ «ճյուղավորված» ձև»։

Առաջին հերթին հարվածի տակ են հայտնվում դենդրիտային բջիջները, որոնք ճանաչում են վիրուսները և գործարկում իմունային պատասխանը, ինչպես նաև CD4+ և CD8+ T-բջիջները, որոնք պատասխանատու են վարակված բջիջների ոչնչացման համար։ Այս T-բջիջների հյուծումը նախկինում արդեն կապվել է COVID-19-ի ծանր ընթացքի և տևական հետևանքների հետ, սակայն այդ գործընթացի մեխանիզմը մնացել է անհայտ։

Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի կենսաինժեներ Ջերարդ Վոնգի խոսքերով՝ նույնիսկ ակտիվ վիրուսի անհետացումից հետո դրա մնացորդները շարունակում են վնասել օրգանիզմը։ Սա կարող է բացատրել, թե ինչու են տևական COVID-19-ի ախտանիշները պահպանվում ամիսներ շարունակ և հատկապես ծանր են դրսևորվում թույլ կամ խաթարված իմունիտետ ունեցող մարդկանց մոտ։

Գիտնականները նաև տարբերություններ են հայտնաբերել վիրուսի տարբերակների միջև։ Այսպես, «Օմիկրոն» շտամը տրոհվում է ավելի մեծ քանակությամբ սպիտակուցային բեկորների, սակայն դրանք զգալիորեն ավելի թույլ են ազդում իմունային բջիջների վրա։ Սա կարող է բացատրել, թե ինչու է «Օմիկրոնը» արագ տարածվում, բայց ավելի հաճախ առաջացնում հիվանդության թեթև ընթացք։