Գիտնականներն այս երևույթը նկարագրել են միայն վերջերս: Lanmaoa asiatica սունկ կերած մարդիկ նույնական հալյուցինացիաներ են ունենում. նրանք տեսնում են փոքրիկ մարդկանց, որոնք քայլում են դռների տակով, քայլում պատերի վրայով և կախվում կահույքից:

Այս խողովակաձև սունկն իսկապես նման է Boletus սպիտսկ սնկի, միայն՝ փոքր-ինչ վառ, վարդագույն ցողունով և դեղնավուն գլխարկով, հայտնում է BBC-ն: Սունկն աճում է ասիական երկրներում և հայտնի է իր ումամի հարուստ համով:

Չինաստանի Յուննան նահանգում, սնկի սեզոնի ընթացքում, հունիսից օգոստոս, այս սունկն ազատորեն վաճառվում է շուկաներում և հայտնվում է ռեստորանների ճաշացանկերում: Իսկ հիվանդանոցներից մեկի բժիշկները պատրաստվում են անսովոր գանգատով հիվանդների հոսքին. բուժառուները փոքրիկ, էլֆանման արարածներ են տեսնում: Ամեն տարի մի քանի հարյուր նման բուժառու է այցելում:

Բանն այն է, որ եթե Lanmaoa asiatica-ն սխալ է սարքվում, այն կարող է հալյուցինացիաներ առաջացնել: «Մի ռեստորանում, որտեղ մատուցվում էր սնկով տաք կաթսա, մատուցողը 15 րոպեով դրեց ժամանակաչափը և զգուշացրեց մեզ. «Չուտեք, մինչև ժամանակաչափը չանջատվի, թե չէ կարող եք փոքրիկ մարդուկներ տեսնել,- պատմում է Յուտայի ​​համալսարանի և Յուտայի ​​բնագիտության թանգարանի կենսաբանության ասպիրանտ Քոլին Դոմնաուերը, որն հետազոտում է այս սնկերը,- Կարծես թե դա հանրահայտ փաստ է տեղական մշակույթում»:

Յուննան նահանգից և մի քանի այլ վայրերի սահմաններից դուրս այս սունկը սովորական երևույթ չի համարվում և որպես առեղծված է ընկալվում:

«Այս հոգեմետ [սնկի] մասին բազմաթիվ հաղորդագրություններ են եղել, և շատ մարդիկ փորձել են գտնել այն, բայց նրանք երբեք չեն հայտնաբերել այս տեսակը»,- ասում է սնկաբան և Fungi Foundation-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ջուլիանա Ֆուրչին. Fungi Foundation-ը ոչ առևտրային կազմակերպություն է, որը զբաղվում է սնկերի տեսակների հայտնաբերմամբ, փաստաթղթավորմամբ և պահպանմամբ:

Դոմնաուերը հույս ունի հայտնաբերելու անհայտ միացությունը, որը առաջացնում է նման հալյուցինացիաներ, և հասկանալու, թե ինչ նոր պատկերացումներ կարող է տալ այս սունկը մարդու ուղեղի մասին:

Դոմնաուերն առաջին անգամ այս սնկի մասին լսել է ուսանողական տարիներին՝ իր սնկաբանության պրոֆեսորից:

«Այնքան տարօրինակ էր հնչում, որ ինչ-որ տեղ կա մի սունկ, որը առաջացնում է այս հեքիաթային տեսիլքները, որոնց մասին պատմում էին տարբեր մշակույթների և դարաշրջանների մարդիկ,- ասում է Դոմնաուերը:- Ես շվարել էի, և ինձ հետաքրքրեց դրանց մասին ավելին իմանալը»։

Նա և իր թիմը դեռ փորձում են պարզել հալյուցինացիաների համար պատասխանատու քիմիական միացությունը: Դատելով արդեն իսկ անցկացված թեստերից՝ այն, ըստ ամենայնի, կապ չունի որևէ հայտնի հոգեմետ միացության հետ: Այս սնկի առաջացրած «ճանապարհորդությունները» անսովոր երկարատև են՝ 12-ից 24 ժամ: Որոշ դեպքերում հիվանդները հիվանդանոցում մնում են մինչև մեկ շաբաթ: Այս վիճակների ծայրահեղ տևողության և կողմնակի ազդեցությունների՝ մասնավորապես զառանցանքի և գլխապտույտի ռիսկի պատճառով Դոմնաուերը դեռևս չի համարձակվում հում սունկ փորձել:

Ըստ Դոմնաուերի եզրակացությունների, այս «մեգաճանապարհորդությունները» կարող են բացատրել, թե ինչու Չինաստանը, Ֆիլիպինները և Պապուա Նոր Գվինեան չեն զարգացրել L. asiatica-ն նպատակաուղղված սպառելու ավանդույթը՝ հանուն դրա հոգեակտիվ ազդեցության:

«Այն միշտ ուտում էին պարզապես որպես սնունդ»,- ասում է նա: Հալյուցինացիաները անսպասելի կողմնակի ազդեցություն էին:

Մի հետաքրքիր պահ էլ կա. այլ հայտնի հոգեմետ դեղամիջոցները հակված են առաջացնելու եզակի վիճակներ, որոնք կարող են տարբեր լինել ոչ միայն անհատների, այլև նույն անձի մեջ, որը բազմիցս փորձել է այդ նյութը։

L. asiatica-ն ամեն անգամ փոքրիկ մարդկանց տեսիլքներ է առաջացնում։

«Ես չգիտեմ որևէ այլ բան, որը կարող է առաջացնել նման կայուն հալյուցինացիաներ»,- ասում է հետազոտողը։ Այս սնկի բնույթը հասկանալը դժվար կլինի, ասում է Դոմնաուերը, բայց ինչպես այլ հոգեմետ միացությունների հետազոտությունները, դրա վրա գիտական ​​աշխատանքը, ի վերջո, կարող է լուծել գիտակցության և մտքի ու իրականության միջև կապի ամենահիմնարար հարցերը։

Ավելին, այն կարող է օգնել պարզաբանելու այն մարդկանց ինքնաբուխ լիլիպուտյան հալյուցինացիաների պատճառը, որոնք չեն օգտագործել L. asiatica։ Սա հազվագյուտ վիճակ է. 2021 թվականի դրությամբ՝ 1909 թվականին լիլիպուտյան հալյուցինացիաների առաջին նկարագրությունից ի վեր, գրանցվել է սնկերի հետ կապ չունեցող ընդամենը 226 նման դեպք։ Այնուամենայնիվ, մարդկանց այս համեմատաբար փոքր խմբի համար հետևանքները կարող են լուրջ լինել. հիվանդների մեկ երրորդը երբեք լիովին չի ապաքինվում։

Դոմնաուերի խոսքով՝ L. asiatica-ի հետազոտությունը կարող է օգնել գիտնականներին ավելի լավ հասկանալ այս տեսիլքների հիմքում ընկած ուղեղի մեխանիզմները և, հնարավոր է, նույնիսկ մշակել նոր բուժումներ նմանատիպ նյարդաբանական խնդիրներ ունեցող հիվանդների համար։

«Այժմ մենք կարող ենք հասկանալ, թե ուղեղի որ հատվածներն են առաջանում [լիլիպուտյան հալյուցինացիաները]»,- ասում է էթնոֆարմակոլոգ և Կալիֆոռնիայում ոչ առևտրային կրթական կենտրոն Մաքենայի բնական փիլիսոփայության ակադեմիայի տնօրեն Դենիս Մաքենան։ Նա համաձայն է այն մտքի հետ, որ այս սնկի մեջ պարունակվող միացությունները հասկանալը կարող է հանգեցնել նոր դեղամիջոցների հայտնաբերմանը։ «Դեռ պարզ չէ, թե արդյո՞ք այն կունենա թերապևտիկ կիրառություններ»,- նշում է նա։

Հետազոտողները գնահատում են, որ Երկրի վրա հայտնաբերված բոլոր սնկային տեսակների 5%-ից պակասն է նկարագրվել։ Հետևաբար, Ջուլիանա Ֆուրչին կարծում է, որ այս հետազոտությունը հսկայական ներուժ է բացում նոր հայտնագործությունների համար՝ արագ նվազող էկոհամակարգերի պայմաններում։

«Սնկերը պարունակում են աներևակայելիորեն հսկայական կենսաքիմիական և դեղաբանական գրադարան, որը մենք նոր ենք սկսում հետազոտել,- ասում է Ֆուրչին։- Մեզ սպասում է բացահայտումների մի ամբողջ աշխարհ»։