Ողնուղեղային մկանային ատրոֆիայով երեխաների բուժման խնդրի վերաբերյալ երկու տարի է աշխատանքներ են տարվում, հաշվարկներ են արվում։ Այս մասին այսօր, փետրվարի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով այն հարցին, որ այս երեխաները պետական հոգածությունից դուրս են մնացել, և նրանց բուժման համար նախատեսված դեղերը չեն ներառվել պետական ապահովագրության ծրագրում։
«Նախնական գնահատականներով մոտ 600-700 միլիոն դրամի մասին է խոսքը, այսինքն, սա բավական մեծ բյուջե նախատեսող ծրագիր է։ Մենք իհարկե բանակցություններ ենք վարում, և մենք ամեն տարի բավական թանկարժեք դեղորայք և մեթոդներ ներառում ենք մեր երեխաների բուժօգնությունը ամբողջացնելու համար։ Այո, չենք կարող մեկ տարում տարիների կուտակված բոլոր խնդիրները լուծել, բայց իհարկե նաաև մեզանից է կախված, թե ինչ արագությամբ կկարողանանք այս հարցերը հասցեագրել», - ասաց նախարարը։
Նա ընդգծեց, որ այս հարցերի լուծումը կախված է նաև ամեն քաղաքացուց․ «Ինչքան մենք մեր հարկերը վճարենք, չթաքցնենք, այնքան մեր երեխաներին ուղղվող բյուջետային միջոցները կմեծանան, ինչը փաստվում է, և մենք կկարողանանք ընդգրկել նաև այս երեխաներին, իրենց կարիքը ևս հոգանք։ Մեր նպատակն է, որ մենք ամեն տարի ընդլայնելով, ի վերջո ապահովենք Հայաստանում առաջնահերթ երեխաների առողջության ամբողջական ներառումը, և ինչու չէ նաև մեծահասակների», - ասաց Անայիտ Ավանեսյանը։
NEWS.am Medicine-ը նախորդ հրապարակումներում մի քանի անգամ անդրադարձել է այս խնդրին։






