Բարսելոնայի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են «Տիրզեպատիդ» դեղամիջոցի ազդեցության մեխանիզմը, այն վաճառվում է «Mounjaro» անվամբ և արդեն կիրառվում է քաշի վերահսկման ու 2-րդ տիպի շաքարախտի բուժման համար։ Նրանք պարզել են, որ այն բարելավում է նյութափոխանակությունը՝ անկախ քաշի կորստից։

Համաձայն Biomedicine & Pharmacotherapy ամսագրում հրապարակված հետազոտության՝ դեղամիջոցն ուղղակիորեն ակտիվացնում է գորշ ճարպային հյուսվածքը։ Սա ճարպի այն տեսակն է, որը ոչ թե կուտակում է էներգիան, այլ այրում այն։

Գիրություն ունեցող մկների վրա կատարված փորձի ընթացքում գիտնականները համեմատել են «Տիրզեպատիդ» ստացող կենդանիներին մի խմբի հետ, որը դեղը չէր ստանում, բայց սնվում էր նույն քանակությամբ։ Սա թույլ տվեց առանձնացնել բուն մոլեկուլի ազդեցությունը սննդի ընդունման նվազեցման հետևանքից։ Արդյունքները ցույց են տվել, որ «Տիրզեպատիդն» ուժեղացնում է գորշ ճարպի՝ կալորիաներ և գլյուկոզա «այրելու» ունակությունը, ինչպես նաև խթանում է օգտակար մոլեկուլների՝ բատոկինների արտազատումը, որոնք դրական են անդրադառնում մետաբոլիզմի վրա։

Այս բացահայտումն առանձնահատուկ կարևորություն ունի, քանի որ գիրության դեմ դեղամիջոցների մեծ մասը գործում է հիմնականում ախորժակի նվազեցման և սննդի ընդունման սահմանափակման միջոցով: «Տիրզեպատիդն» ունի լրացուցիչ գործիքակազմ. այն ավելացնում է օրգանիզմի էներգետիկ ծախսերը՝ ակտիվացնելով գործուն ճարպային հյուսվածքը: Սա կարող է հանգեցնել նյութափոխանակության ավելի կայուն բարելավման, ինչպես նաև արյան մեջ գլյուկոզայի և ճարպերի մակարդակի նվազման:

Եթե նման ազդեցությունները հաստատվեն նաև մարդկանց մոտ, դա կարող է արմատապես փոխել գիրության և նյութափոխանակության խանգարումների բուժման մոտեցումը։ Այսինքն՝ նպատակ կդրվի ոչ միայն նվազեցնել քաշը, այլև բարելավել մետաբոլիկ առողջությունը՝ աշխատելով ճարպային հյուսվածքի տարբեր տեսակների հետ:

Այնուամենայնիվ, գիտնականներն ընդգծում են, որ այս արդյունքները դեռևս ստացվել են կենդանիների վրա կատարված փորձերով։ Անհրաժեշտ են կլինիկական հետազոտություններ՝ հստակ հասկանալու համար, թե որքանով է այս մեխանիզմն արդյունավետ գործում մարդկանց պարագայում: