Nature Metabolism ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ կմախքային մկաններն ընդունակ են պահպանել նախկին մարզումների մասին «մոլեկուլային հիշողությունը»։ Սա բացատրում է, թե ինչու են այն մարդիկ, ովքեր ժամանակին ակտիվ են եղել, ֆիզիկական ծանրաբեռնվածության դադարներից հետո ավելի արագ վերականգնում մկանային ուժն ու մարզավիճակը։
Գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես է մարզումների շրջանից հետո մկաններում փոխվում գեների ակտիվությունը և պարզել են, որ նույնիսկ տևական հանգստից հետո որոշակի էպիգենետիկ փոփոխություններ (փոփոխություններ այն հարցում, թե ինչպես են գեները միանում կամ անջատվում՝ առանց դրանց հաջորդականության փոփոխության) պահպանվում են։
Այս փոփոխություններն ազդում են մկանային բջիջների՝ կրկնակի մարզումներին ավելի արագ արձագանքելու ունակության վրա։
Գիտափորձի ընթացքում հետազոտողներն աշխատել են կամավորների հետ, ովքեր մի քանի շաբաթ շարունակ անցել են ուժային վարժությունների շարք, իսկ այնուհետև տևական դադար են տվել։ Գիտնականները վերլուծել են մկանային հյուսվածքի նմուշները տարբեր փուլերում՝ մինչ մարզումները, ակտիվ ծանրաբեռնվածության շրջանից հետո և հանգստի շրջանից հետո։
Արդյունքները ցույց են տվել, որ մարզումներից հետո մկանային բջիջներում փոփոխություններ են տեղի ունեցել էպիգենետիկ մարկերների մակարդակում (օրինակ՝ ԴՆԹ-ի մեթիլացում և հիստոնների ձևափոխում), որոնք կապված են մկանային թելերի աճի և նյութափոխանակության համար պատասխանատու գեների ուժեղացված էքսպրեսիայի հետ:
Այս մարկերներից շատերը պահպանվել են նույնիսկ մի քանի շաբաթ տևած հանգստից հետո՝ ապահովելով մարզումային փորձի «մոլեկուլային հիշողությունը»:
Այս մոլեկուլային հիշողությունն աշխատում է որպես աճի և հարմարվողականության թեթևացված «մեկնարկային հավաքածու»՝ մարզումներին կրկին վերադառնալու դեպքում. երբ մարդը նորից սկսում է մարզվել, մկանները «ճանաչում են» անցյալի ծանրաբեռնվածությունը և ավելի արագ են ակտիվացնում համապատասխան գեները, ինչը հանգեցնում է ուժի և մկանային ծավալի ավելի արագ վերականգնմանը: Արդյունքները օգնում են բացատրել «մկանային հիշողության» ֆենոմենը, որը վաղուց նկատել էին մարզիկներն ու մարզիչները, սակայն մինչ այժմ պակասում էր հստակ մոլեկուլային բացատրությունը:
Գիտնականներն ընդգծում են, որ մկանային հիշողության մոլեկուլային մեխանիզմների ըմբռնումը կարող է կլինիկական նշանակություն ունենալ, օրինակ՝ երկարատև ժամանակահատվածներից, հիվանդություններից կամ ծերացումից հետո վերականգնողական փուլում առաջացած անշարժությունը, ինչի ժամանակ շատ կարևոր է մկանային ուժի վերականգնումը:






