ԱՄՆ-ի Առողջապահության վիճակագրության ազգային կենտրոնի վերջին տվյալները մտահոգիչ միտում են ցույց տալիս․ մեծահասակների և երեխաների շրջանում ճարպակալման և ավելորդ քաշի դեպքերը շարունակում են աճել, գրում է Medical Xpress-ը:

Գիտնական Շերիլ Ֆրայարի և նրա գործընկերների հետազոտության համաձայն՝ 2021 թվականի օգոստոսից մինչև 2023 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում 20 տարեկան և բարձր տարիքի ամերիկացիների 40,3%-ը տառապել է ճարպակալմամբ, որից 9,7%-ը՝ ծանր ձևով. ևս 31,7%-ն ունեցել է ավելորդ քաշ:

Համեմատության համար նշենք, որ 1988–1994 թվականներին ճարպակալում ունեցող մեծահասակների մասնաբաժինը կազմել է 22,9%, իսկ ծանր ճարպակալում ունեցողներինը՝ ընդամենը 2,8%: Այսինքն՝ երեք տասնամյակի ընթացքում ճարպակալում ունեցող մարդկանց թիվը գրեթե կրկնապատկվել է, իսկ ծանր ճարպակալման դեպքերն աճել են ավելի քան երեք անգամ:

Ադի Նոյմանի և գործընկերների զուգահեռ հետազոտությունն ընդգրկում է ԱՄՆ-ի 2-ից 19 տարեկան երեխաներին ու դեռահասներին: Այն ցույց է տալիս, որ 2021–2023 թվականներին երեխաների և դեռահասների 21,1%-ն ունեցել է ճարպակալում (ներառյալ 7%-ը՝ ծանր ձևով), իսկ 15,1%-ը՝ ավելորդ քաշ: 1971–1974 թվականներից ի վեր՝ հիսուն տարվա ընթացքում, ճարպակալում ունեցող երեխաների մասնաբաժինը 5,2%-ից հասել է 21,1%-ի, իսկ ծանր ճարպակալումը՝ 1%-ից մինչև 7%: Աճ է գրանցվել բոլոր տարիքային խմբերում՝ 2–5 տարեկան փոքրիկներից մինչև 12–19 տարեկան դեռահասներ:

Գիտնականներն ընդգծում են, որ այս միտումները արտացոլում են ապրելակերպի, սննդակարգի, ֆիզիկական ակտիվության և շրջակա միջավայրի փոփոխությունները, ինչպես նաև գենետիկական ու սոցիալ-մշակութային գործոնների բարդ փոխազդեցությունը: Հատկապես մտահոգիչ է երեխաների շրջանում ճարպակալման աճը, քանի որ վաղ տարիքում ավելորդ քաշի ի հայտ գալը կապված է մեծահասակ տարիքում սիրտ-անոթային հիվանդությունների, դիաբետի և այլ քրոնիկական վիճակների առաջացման բարձր ռիսկի հետ:

Հետազոտությունների հեղինակները կարծում են, որ այս միտումները դանդաղեցնելու համար անհրաժեշտ են համալիր միջոցառումներ իրականացնել ընտանիքի, դպրոցի, առողջապահության և քաղաքականության մակարդակներում, ներառյալ՝ առողջ սննդի հասանելիությունը, ֆիզիկական ակտիվության խրախուսումը և սննդակարգի վերաբերյալ կրթական ծրագրերը: Առանց ժամանակին միջամտության՝ բնակչության առողջության համար հետևանքները կարող են զգալի լինել, իսկ առողջապահական համակարգի վրա ընկնող ծանրաբեռնվածությունն՝ է՛լ ավելի մեծ: