Չնայած ախտորոշման և բուժման հարցում գրանցված զգալի առաջընթացին, կրծքագեղձի քաղցկեղն ամբողջ աշխարհումամենատարածված քաղցկեղի տեսակն է կանանց շրջանում:

Համաձայն արդի գնահատականների՝ 2023 թվականին կանանց մոտ գրանցվել է հիվանդության մոտ 2,3 միլիոն նոր դեպք: Հետազոտողների կանխատեսումներով՝ այս թիվը կշարունակի աճել և մինչև 21-րդ դարի կեսերը՝ 2050 թվականը, նոր դեպքերի տարեկան թիվը կարող է գերազանցել 3,5 միլիոնը (աճը՝ մոտ մեկ երրորդով):

Այս տվյալները հրապարակվել են The Lancet Oncology ամսագրում: Նման տվյալների են հանգել բժշկական թեմատիկայով գիտական աղբյուրներում հրապարակված հետազոտության հեղինակները:

Հիվանդացության աճը բացատրվում է մի քանի գործոններով՝ բնակչության ծերացմամբ և այնպիսի ռիսկի գործոնների տարածվածությամբ, ինչպիսիք են ճարպակալումը, նստակյաց կյանքը, ալկոհոլի չարաշահումը և ուշ տարիքում առաջնածնությունը: Ընդ որում, ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում նկատվում է հիվանդացության և մահացության առավել կտրուկ աճ, քանի որ այնտեղ սահմանափակ է վաղ հայտնաբերման և որակյալ բուժման հասանելիությունը:

Շատ կանանց համար կրծքագեղձի քաղցկեղը հանրային առողջապահության կարևորագույն խնդիրն է. այն ոչ միայն ուռուցքային հիվանդությունների ամենատարածված տեսակն է, այլև կանանց շրջանում քաղցկեղից մահացության հիմնական պատճառներից մեկը:

Սքրինինգային արդյունավետ ծրագրերը, ներառյալ կանոնավոր մամոգրաֆիկ հետազոտությունները, զգալիորեն մեծացնում են վաղ հայտնաբերման հավանականությունը, որի ժամանակ բուժումն առավել հաջող է անցնում: Այնուամենայնիվ, աշխարհի տարբեր տարածաշրջաններում նման ծրագրերով ընդգրկվածության մակարդակը խիստ տարբերվում է:

Ժամանակակից հետազոտություններն ուղղված են նաև կանխատեսումների բարելավմանը և թերապիայի անհատականացված մոտեցումներին, ներառյալ ուռուցքի մոլեկուլային ենթատիպերի հայտնաբերումը, բուժման նոր մեթոդների մշակումը և կանխարգելիչ միջոցառումների ուժեղացումը:

Օրինակ՝ գիտնականներն աշխատում են վաղ ախտորոշման մեթոդների կատարելագործման ուղղությամբ՝ կիրառելով արհեստական բանականություն և նոր բիոմարկերներ, որոնք կարող են օգնել ավելի վաղ փուլում հայտանաբերել քաղցկեղը: