Բրիստոլի համալսարանի և Լոնդոնի համալսարանական քոլեջի (University College London, UCL) գիտնականների անցկացրած նոր հետազոտությունը ցույց է տվել, որ GLP-1-ը նմանակող նիհարեցման համար նախատեսված դեղամիջոցները կարող են օգնել պաշտպանել սիրտը սրտի կաթվածից հետո:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications հանդեսում:
Նման դեղամիջոցները, որոնք արդեն հայտնի են սրտի լուրջ խնդիրների վտանգը նվազեցնելու իրենց ունակությամբ՝ անկախ բուժառուի քաշից կամ ուղեկցող հիվանդություններից, այժմ սրտի հյուսվածքի հետագա վնասումը կանխելու ներուժ են ցույց տվել՝ նվազեցնելով կյանքին սպառնացող բարդությունների վտանգը, որոնք առաջանում են բուժառուների գրեթե կեսի շրջանում:
Առանցքային մեխանիզմը ներառում է այսպես կոչված պերիցիտներ՝ փոքր կծկվող բջիջներ, որոնք սրտամկանի թթվածնի անբավարաւոթյան դեպքում նեղացնում են պսակաձև մազանոթները: Դա կարող է հանգեցնել «no-reflow» («կորոնար անհոսելիություն» . զարկերակային միկրոանոթային համակարգի վնասմանն առնչվող մեխանիզմ, հիմնականում նկատվում է սուր միոկարդի ինֆարկտի դեպքում, նկատվել է նաև այլ օրգաններում, ներառյալ՝ ուղեղում և երիկամներում -խմբ.) բարդության՝ իրավիճակի, երբ չնայած գլխավոր զարկերակի բացմանը՝ արյունը չի հասնում սրտի որոշ հատվածներ, ինչը սրտի կաթվածից հետո մեկ տարվա ընթացքում մեծացնում է մահվան կամ սրտի անբավարարությամբ հոսպիտալացման վտանգը:
Կենդանիների վրա անցկացված նոր հետազոտության մեջ գիտնականները ցույց են տվել, որ GLP-1 դեղամիջոցներն ակտիվացնում են կալիումական անցուղիները՝ թուլացնելով պերիցիտները (արյան փոքր անոթների, ներառյալ՝ մազանոթների պատերի մաս –խմբ.): Դա լայնացնում է նեղացած մազանոթները և բարելավում արյան հոսքը՝ նվազեցնելով սրտամկանի հետագա վնասման հավանականությունը։
Ինչպես նշել է հետազոտության գլխավոր հեղինակ, բժիշկ Սվետլանա Մաստիցկայան, սրտի կաթվածից հետո բուժառուների գրեթե կեսի շրջանում փոքր անոթները մնում են նեղացած, և GLP-1-ի այդ ազդեցությունը կանխելու ունակությունը նոր թերապևտիկ հնարավորություններ է բացում։
Հետազոտության համահեղինակ, պրոֆեսոր Դեյվիդ Աթվելն ընդգծել է, որ 2-րդ տիպի շաքարախտի, ճարպակալման և երիկամների հիվանդությունների բուժման համար GLP-1 դեղամիջոցների օգտագործման աճող տեմպի հետ մեկտեղ, արդեն գոյություն ունեցող դեղամիջոցները կարող են վերաուղղվել սրտի կաթվածից հետո սիրտը պաշտպանելու համար՝ հնարավոր է՝ կյանքեր փրկելով։






