Հայաստանում հեռաբժշկությունը նոր ոլորտ է, բայց այն արդեն վստահաբար զարգանում է: Դա առաջին հերթին հետաքրքիր եւ կարեւոր է միջսահմանային բժշկության տեսակետից: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ պրոֆեսոր Հորստ Կունհարդտն (ԴՏԻ, Գերմանիա) է ասել:
Նրա խոսքով՝ այսօր պացիենտը հաճախ ստիպված է լինում երկրից երկիր գնալ՝ բուժվելու համար, բայց ապագայում, ի շնորհիվ հեռաբժշկության, հնարավորություն կստեղծվի տեղափոխել միայն հիվանդի մասին տվյալները, իսկ ինքը հիվանդը կկարողանա մնալ իր տանը: Այս իսկ պատճառով, հեռաբժշկության եւ էլեկտրոնային բժշկության զարգացումը յուրաքանչյուր երկրում շատ կարեւոր է:
Աննա Շմաուս-Կլուգհամերը («Կլուգհամեր», Գերմանիա) NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ պատմել է գերմանական հեռաբժշկության մասին:
Հեռաբժշկությունը, նրա խոսքով, այսօր Գերմանիայում լավ զարգացած է, եւ բավական հաջողված նախագծեր կան, որոնցից մեկն է «Կաթվածի հեռաբժշկության
նախագիծը»: Հեռաբժշկությունը կաթվածի կանխարգելման եւ բուժման ոլորտում հնարավորություն է ընձեռում կապեր հաստատել հեռավոր գյուղերի կլինիկաների եւ համալսարանական կլինիկաների միջեւ, ինչը կարող է օգնել ավելի արդյունավետորեն բուժել կաթվածները:
Հայաստանի հետ Շմաուս-Կլուկհամերի կողմից ղեկավարվող եւ հեռաբժկական սարքավորումներ արտադրող կազմակերպությունը 2010 թվականից համագործակցում է, եւ այդ համագործակցությունը, նրա գնահատմամբ, բավական արդյունավետ է:
Հայաստանի հեռաբժշկության ասոցիացիայի նախագահ Գեորգի Չալտիկյանը իր հերթին պատմել է, որ հեռաբժշկությունը այսօր Հայաստանում սկզբնական փուլում է, բայց որոշակի զարգացումներ արդեն կան, եւ ակնկալվում է, որ առաջիկա 2-3 տարվա ընթացքում էլ ավելի բուռն զարգացումներ կլինեն:
Հիշեցնենք, որ էլեկտրոնային բժշկության ոլորտում հետաքրքիր նորամուծություններ են կատարվել Երեւանի շտապօգնության ծառայությունում:






