Քնի բժշկության ամերիկյան ակադեմիայի նոր կլինիկական հանձնարարականները ցույց են տվել, որ քրոնիկ անքնության բուժման դեպքում կոգնիտիվ-վարքաբանական թերապիան կարող է ավելի արդյունավետ լինել, քան դեղամիջոցների հետ համակցումը։

Փաստաթուղթը հրապարակվել է Journal of Clinical Sleep Medicine ամսագրում և հիմնված է անքնության բուժման մեթոդների վերաբերյալ առկա հետազոտությունների վերլուծության վրա։

Հեղինակներն ընդգծում են՝ հենց անքնության կոգնիտիվ-վարքաբանական թերապիան (CBT-I) պետք է դիտարկվի որպես առաջին շարքի հիմնական բուժում պացիենտների մեծամասնության համար։ Այս մեթոդիկան ուղղված է քնի սովորությունների փոփոխմանը, քնելու հետ կապված տագնապի վերացմանը և քրոնիկ անքնությունը պահպանող վարքագծային գործոնների շտկմանը։

Ըստ հանձնարարականների առաջատար հեղինակ, Պիտսբուրգի համալսարանի հոգեբուժության պրոֆեսոր Դենիել Բյուիսի, համակցված թերապիան լայնորեն կիրառվում է կլինիկական պրակտիկայում, սակայն մինչև այժմ զարմանալիորեն քիչ տվյալներ կային այն մասին, թե երբ և որքանով է արդարացված հոգեթերապիայի ու քնաբեր դեղամիջոցների համակցումը։

Վերլուծությունը ցույց է տվել, որ կոգնիտիվ-վարքաբանական թերապիան ինքնին ապահովում է քնի առավել կայուն և արտահայտված բարելավում։ Ի տարբերություն դեղամիջոցների՝ այն կապված չէ կախվածության, ցերեկային քնկոտության, ուշադրության կենտրոնացման վատթարացման կամ դադարեցման համախտանիշի ռիսկի հետ։ Հետազոտողները նշում են, որ նման թերապիայի ազդեցությունը հաճախ պահպանվում է զգալիորեն ավելի երկար՝ բուժման ավարտից հետո։

Միևնույն ժամանակ գիտնականները չեն բացառում, որ առանձին դեպքերում թերապիայի և դեղորայքի համակցումը կարող է լրացուցիչ օգուտ տալ։ Օրինակ՝ որոշ պացիենտների մոտ քնի ընդհանուր տևողությունը կարող է փոքր-ինչ ավելանալ քնաբեր միջոցների ժամանակավոր հավելման դեպքում։

Ըստ հանձնարարականների, նվազագույն արդյունավետություն է ցուցաբերել դեղամիջոցների կիրառումն առանց կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի։ Հեղինակներն ընդգծում են, որ դեղորայքը չպետք է ավտոմատ կերպով դառնա քրոնիկ անքնության բուժման հիմնական մեթոդը։

Փաստաթղթում նշվում են այն դեղամիջոցները, որոնք երբեմն կարող են կիրառվել համակցված թերապիայի կազմում.

  • քնելու դժվարությունների դեպքում՝ տրիազոլամ, ռամելտեոն, զալեպլոն,

  • քունը պահպանելու խնդիրների դեպքում՝ դոքսեպին և սուվորեքսանտ,

  • խառը անքնության դեպքում՝ տեմազեպամ, զոլպիդեմ և էսզոպիկլոն։

Սակայն հետազոտողները հատուկ ընդգծում են՝ համակցված բուժման ապացուցողական հիմքը դեռ սահմանափակ է, իսկ շատ հանձնարարականներ ուղեկցվում են հետագա հետազոտությունների անհրաժեշտության մասին վերապահումներով։

Մասնագետների գնահատականներով, քրոնիկ անքնությամբ տառապում է մեծահասակների մոտ 10–15 տոկոսը։ Այս վիճակը կապված է ոչ միայն հոգնածության, այլև դեպրեսիայի, տագնապային խանգարումների, սրտանոթային հիվանդությունների և կոգնիտիվ ֆունկցիաների վատթարացման բարձր ռիսկի հետ։

Հանձնարարականների հեղինակները շեշտում են, որ անքնության բուժումը պետք է ընտրվի անհատական։ Ունիվերսալ մոտեցման փոխարեն բժիշկները խորհուրդ են տալիս հաշվի առնել քնի խանգարման պատճառները, ախտանիշների տևողությունը, պացիենտի հոգեկան վիճակը և դեղամիջոցների հնարավոր կողմնակի ազդեցությունները։