Փորձագետները նշում են, որ կոգնիտիվ՝ ճանաչողական գործառույթների անկման ծանր հետևանքների ավելի բարձր ռիսկ է նկատվում երիկամների խրոնիկական հիվանդություն ունեցող բուժառուների շրջանում: Բարդությունները դրսևորվում են սրտանոթային ախտաբանություններով, դիալիզի անցմամբ և մահացության բարձր մակարդակով: Այսպիսին են ֆրանսիական «Ամբրուազ Պարե» ուսումնական հիվանդանոցի հետազոտողների եզրակացությունները, որոնք հրապարակվել են Kidney International Reports (KIR) բժշկագիտական հանդեսում:
Աշխատանքը հիմնված է երիկամների խրոնիկական հիվանդության երկրորդից հինգերորդ փուլում գտնվող ավելի քան երեք հազար բուժառուների տվյալների վրա, որոնց հսկողությունը տևել է շուրջ հինգ տարի, գրում է Planet Today-ը: Ճանաչողական գործառույթները գնահատվել են MMSE կարճ թեստի միջոցով, որը հնարավորություն է տալիս բացահայտել հիշողության, ուշադրության և մտածողության խանգարումները:
Հետազոտության սկզբում մասնակիցների մեծամասնության (մոտ 64%) մտավոր գործառույթների ցուցիչները եղել են նորմայի սահմաններում: 23%-ի շրջանում արձանագրվել են չափավոր շեղումներ, իսկ 13%-ի շրջանում՝ ակնհայտ խանգարումներ:
Բուժառուների շրջանում գրանցվել է երեք հիմնական վախճան՝ երիկամների փոխարինող թերապիա (դիալիզ), մահ կամ լուրջ սրտանոթային պատահարներ: Դիտարկման ժամանակահատվածում բուժառուների 21,5%-ն ենթարկվել է դիալիզի, 13,4%-ը մահացել է, իսկ 15,3%-ի շրջանում սրտանոթային ծանր բարդություններ են նկատվել:
Ի հայտ է եկել հստակ կախվածություն. որքան վատ են եղել մտավոր ցուցանիշները մեկնարկին, այնքան բարձր են եղել բացասական ելքերի ռիսկերը: Հիշողության և մտածողության ակնհայտ խանգարումներ ունեցող բուժառուների շրջանում դիալիզի մեկնարկի, մահվան և սրտանոթային բարդությունների ռիսկերը կայուն ճանաչողական գործառույթներ ունեցող մարդկանց համեմատ մոտ 30-60%-ով ավելի բարձր են եղել:
Հեղինակների եզրակացությունը. կոգնիտիվ վիճակը կարևոր կանխատեսիչ ցուցիչ է երիկամների խրոնիկական հիվանդությունների դեպքում:






