Գիտնականները պարզել են, որ ճարպակալումը կարող է մարդու իմունային համակարգում երկարատև «հետք» թողնել, որը պահպանվում է նույնիսկ նիհարելուց հետո և բարձրացնում է շաքարախտի ու քաղցկեղի որոշ ձևերի վտանգը: Դրա մասին ասվում է EMBO Reports ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Բիրմինգհեմի համալսարանի հետազոտական խումբը պարզել է, որ իմունային համակարգի T-օգնական բջիջները (T-helper cells) ճարպակալման մասին յուրօրինակ «հիշողություն» են պահպանում: Այն ձևավորվում է էպիգենետիկ փոփոխությունների՝ ԴՆԹ-ի մեթիլացման հաշվին, որի դեպքում բջիջների գենետիկական նյութին կցվում են քիմիական նշաններ:

Գիտնականների տվյալներով՝ նման փոփոխությունները նիհարելուց հետո կարող են պահպանվել հինգից տասը տարի: Արդյունքում՝ իմունային բջիջները շարունակում են գործել այնպես, կարծես օրգանիզմը դեռևս ճարպակալման վիճակում է: Սա կարող է խախտել հյուսվածքների մաքրման գործընթացները, բորբոքումների կարգավորումը և արագացնել իմունային համակարգի տարիքային փոփոխությունները:

Հետազոտությունը հիմնված է մի քանի խումբ մարդկանց արյան և հյուսվածքների նմուշների վերլուծության վրա՝ ճարպակալում ունեցող բուժառուներ, նիհարած կամավորներ, ֆիզիկական մարզումների ծրագրերի մասնակիցներ, ինչպես նաև ճարպակալման հազվադեպ գենետիկական ձևեր ունեցող բուժառուներ: Գիտնականներն լրացուցիչ ուսումնասիրել են մկների վրա արված փորձերի և բջջային մոդելների տվյալները:

Արդյունքները ցույց են տվել, որ նույնիսկ մարմնի քաշը նորմալացնելուց հետո իմունային համակարգը կարող է պահպանել նախկին նյութափոխանակային վիճակի «հետքը»: Սա նշանակում է, որ ճարպակալման հետ կապված հիվանդությունների՝ ներառյալ 2-րդ տիպի շաքարախտի և քաղցկեղի որոշ ձևերի առաջացման վտանգը կարող է բարձր մնալ նիհարելուց հետո երկար ժամանակ:

Հետազոտողները նշում են, որ այս գործընթացում առանցքային դեր են խաղում աուտոֆագիայի՝ բջջային մաքրման մեխանիզմի խանգարումները և իմունային բջիջների արագացված ծերացումը: Այս փոփոխությունները ձևավորում են իմունային համակարգի աշխատանքի կայուն վերակառուցում:

Հեղինակներն ընդգծում են, որ ստացված տվյալները չեն նշանակում հիվանդությունների անխուսափելիություն, բայց մատնանշում են նորմալ քաշի երկարատև պահպանման անհրաժեշտությունը: Հեռանկարում գիտնականները դիտարկում են թերապիայի մեթոդների մշակման հնարավորությունը. մեթոդներ, որոնք կկարողանային «վերագրել» ճարպակալման մասին իմունային հիշողությունը և վերականգնել բջիջների բնականոն աշխատանքը: