Վերջին տարիներին Երևանի, ինչպես նաև մարզային բժշկական կենտրոնների արդիականացման, ինչպես նաև պոլիկլինիկական համակարգի թարմացման համար ուղղվել է 40 միլիարդ դրամ բյուջետային միջոց։ Դրա մասին այսօր՝ ապրիլի 29-ին, մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ըստ նրա՝ կառավարության ռազմավարական նպատակներից մեկն առողջապահության ենթակառուցվածքների ամբողջական թարմացումն է։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է շահագործման հանձնել առնվազն 50 բուժհաստատություն։ Նախարարը խոստացել է, որ մինչև հուլիս կավարտվի շուրջ 24 բուժհաստատության, ինչպես նաև լրացուցիչ 11 ամբուլատորիայի շինարարությունը։ Մինչև տարեվերջ, ինչպես ընդգծել է նա, ծրագիրն ամբողջությամբ կկատարվի։
Ավանեսյանը տեղեկացրել է, որ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում մարզերում նոր բուժհաստատությունների կառուցմանը և հագեցմանը։ Մասնավորապես՝ առաջիկայում ավարտվում են Սիսիանի բժշկական կենտրոնի աշխատանքները, որն, ըստ նախարարի, կդառնա տարածաշրջանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ամբողջությամբ նոր հաստատություն։ Կենտրոնը հագեցած կլինի ժամանակակից սարքավորումներով, ընդլայնված մահճակալային ֆոնդով և նոր տեխնոլոգիաներով։ Կենտրոնում նախատեսվում է սքկրինինգային ծրագրերի ներդրում, նոր վիրաբուժական ծառայություններ, համակարգչային տոմոգրաֆիա, ինչպես նաև ինվազիվ սրտաբանության զարգացում, որը պետք է գործարկվի տարվա ընթացքում։
Ավանեսյանը նշել է նաև, որ շարունակվում է 19 ամբուլատորիայի կառուցումը, որոնցից 11-ը կավարտվեն և շահագործման կհանձնվեն մինչև հուլիս։ Շիրակի մարզում, ըստ նախարարի, երկու ամբուլատորիաներում աշխատանքները կավարտվեն մեկ ամսվա ընթացքում։ Ավանեսյանն ընդգծել է, որ առողջապահության համակարգի արդիականացումն ուղղակիորեն կապված է համընդհանուր բժշկական ապահովագրության բարեփոխման հետ։ Ըստ նրա՝ առանց նշանակալի կապիտալ ներդրումների համակարգը չէր կարողանա հաղթահարել բնակչության դիմելիության աճը։
Նախարարը նշել է նաև, որ մարզային բժշկական կենտրոններում բուժառուների աննախադեպ հոսք է նկատվում։ «Դա վկայում է առողջապահության մարզային օղակի նկատմամբ վստահության աճի և բժշկական ծառայությունների հասանելիության բարձրացման մասին։ Ընդ որում՝ քաղաքացիները պահպանում են բուժհաստատություն ընտրելու իրավունքը, ինչը կլինիկաների միջև առողջ մրցակցություն է ձևավորում՝ թե՛ մարզերի միջև, թե՛ դրանց ներսում»,- ընդգծել է Ավանեսյանը։
Բարեփոխումների առանձին ուղղություն է մնում, շարունակել է նախարարը, սարքավորումների թարմացումը ոչ միայն նոր, այլև արդեն գործող բուժհաստատություններում։ «2025 թվականի երկրորդ կիսամյակում մեկնարկել է մարզային հիվանդանոցների վերազինման լայնածավալ ծրագիր՝ ավելի քան 7 միլիարդ դրամ բյուջեով։ Ծրագրի շրջանակում ձեռք են բերվում մամոգրաֆիկ սարքեր, կոլոնոսկոպներ, էնդոսկոպիկ սարքավորումներ և այլ կարևոր ախտորոշիչ համակարգեր։ Ընթացիկ տարվա ծրագրերում է նաև հեմոդիալիզի ծառայության արդիականացումը»,- հայտնել է նախարարը։ Ավանեսյանն ընդգծել է, որ չնայած արդեն ձեռք բերված ապահովվածության մակարդակին՝ համակարգը մշտական թարմացում և ընդլայնում է պահանջում՝ բնակչության աճող պահանջներին համապատասխանելու համար։






