Վերջին տարիներին երկրում զգալիորեն բարելավվել է առողջապահության առաջնային օղակի հագեցվածությունը, սակայն դրա արդիականացման աշխատանքները շարունակվում են։ Դրա մասին այսօր՝ ապրիլի 29-ին, հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ըստ նախարարի՝ պոլիկլինիկաների և ամբուլատորիաների պայմաններն ու հագեցվածության մակարդակը վերջին տարիներին «անհամեմատ» փոխվել են դեպի լավը։ Մասնավորապես՝ մարզերի և Երևանի բժշկական հաստատություններն ապահովվել են ռենտգենաբանական սարքավորումներով, ժամանակակից ուլտրաձայնային սարքերով, ինչպես նաև թարմացվել են լաբորատոր հզորությունները։
Միևնույն ժամանակ, Ավանեսյանն ընդունել է, որ պոլիկլինիկաների և ամբուլատորիաների մի մասը դեռևս չի համապատասխանում ժամանակակից ենթակառուցվածքային չափանիշներին։ Սակայն, նրա խոսքով, «արդիականացման այժմյաժ տեմպերի պահպանման դեպքում մի քանի տարվա ընթացքում առաջնային օղակի համակարգն ամբողջությամբ կթարմացվի»։
Նախարարն անդրադարձել է մասնագետների պակասի և բժշկական կադրերի անհամաչափ բաշխվածության հարցին, ինչի պատճառով մարզերի և գյուղական բնակավայրերի բուժառուները նախկինի պես հաճախ դիմում են Երևանի բժշկական հաստատություններ։ Ընդունելով նաև այս խնդրի առկայությունը՝ Ավանեսյանը, այդուհանդերձ, վստահեցրել է, որ այս հարցում կան դրական տեղաշարժեր։ «Մարզերի նոր և արդիականացված բժշկական կենտրոններ աստիճանաբար գալիս է մասնագետների երիտասարդ սերունդը»,- հայտարարել է նա։
Որպես օրինակ նա բերել է Թալինի, Սպիտակի, Գորիսի և Մեղրիի բժշկական կենտրոնները, որտեղ վերջին շրջանում հաջողվել է ներգրավել նոր բժիշկների և բժշկական անձնակազմի։ Ըստ նրա՝ ենթակառուցվածքների և աշխատանքային պայմանների բարելավումն ուղղակիորեն ազդում է մասնագետների՝ մարզերում մնալու և աշխատելու պատրաստակամության վրա։
Նախարարն ընդգծել է, որ պետությունը կշարունակի իրականացնել նպատակային օրդինատուրայի ծրագրերը, որոնց շրջանակներում երիտասարդ մասնագետների ուսուցումը մասնակիորեն ֆինանսավորվում է՝ հետագայում նրանց մարզային բժշկական հաստատություններ գործուղելու պայմանով։
Ավանեսյանը նշել է, որ ժամանակակից սարքավորումների առկայությունը և ախտորոշման ու բուժման ընդլայնված հնարավորությունները մարզային կենտրոնները դարձնում են ավելի գրավիչ երիտասարդ բժիշկների համար։ Սա, ըստ նրա, հնարավորություն է տալիս ոչ միայն բարելավելու բժշկական օգնության հասանելիությունը, այլև ստեղծելու մասնագիտական հնարավորություններ կադրերի զարգացման համար։






