Այս պահին պարտադիր բժշկական ապահովագրության գծով վճարների բարձրացման նախաձեռնություն չի դիտարկվում։ Դրա մասին այսօր՝ ապրիլի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ընդ որում, իր հետագա պարզաբանումներում նա նշել է, որ տեխնիկապես վերանայման հնարավորություն, այնուամենայնիվ, կա։
Ավանեսյանը հստակեցրել է, որ 2027 թվականի բյուջետային քննարկումների շրջանակում կքննարկվի բժշկական ապահովագրության գծով պետական սուբսիդավորման հարցը։ «Ինչպես գիտեք, պետությունը սուբսիդավորում է մինչև 18 տարեկան, 65-ից բարձր տարիքի անձանց, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող և սոցիալական անապահովության միավորներ ունեցող անձանց ապահովագրական վճարները։ Յուրաքանչյուր նման անձի համար պետությունը տարեկան վճարում է 129 հազար 600 դրամ։ Բացի դրանից, աշխատող և ապահովագրական վճարներ կատարող անձանց համար պետությունը նույնպես իրականացնում է սուբսիդավորում՝ ամսական 6000 դրամի չափով։ 2027 թվականի համար այս սուբսիդավորման հետևողականությունն ու անընդհատությունն արդեն հաստատված են միջնաժամկետ ծախսերի ծրագրերով, բայց 2027-ի բյուջեում մենք դեռ քննարկումների տեղ ունենք. աշխատանքներն այդ ուղղությամբ շարունակվում են»։
Նախարարը տեղեկացրել է, որ ապահովագրական վճարի վերանայման ընդհանուր սկզբունքը հետևյալն է. ամեն տարի առողջապահության նախարարը պետք է Ազգային ժողովում ներկայացնի նախորդ տարվա հաշվետվությունը և եզրակացություն տա հաջորդ տարվա ապահովագրության սուբսիդավորման վերաբերյալ՝ արդյոք այն վերանայման կարիք ունի՞, թե՞ ոչ։ «Այս պահին մենք 2027 թվականի համար ապահովագրական վճարների վերանայման նախաձեռնություն չունենք»,- հայտարարել է նա։
Պատասխանելով բուժաշխատողների քննադատությանը, որոնք դժգոհություն են հայտնում աշխատանքային պայմաններից և եկամուտների մակարդակից պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրումից հետո, նախարարը նշել է, որ բարեփոխման առաջին ամիսներն անցումային շրջան էին։ Ըստ նրա՝ համակարգի ներդրման սկզբում նկատվել են տեխնիկական դժվարություններ, մասնավորապես՝ մատուցված ծառայությունների ոչ լիարժեք ֆիքսումը «ԱրՄեդ» համակարգում։ «Դա ազդում էր փոխհատուցումների հաշվարկի վրա, քանի որ փոխհատուցումներն իրականացվում են միայն համակարգում գրանցված ծառայությունների համար»,- պարզաբանել է նա։ Այս խնդիրների վերացումից հետո, ինչպես ընդգծել է նախարարը, իրավիճակը կայունացել է, իսկ հաշվարկներն ու փոխհատուցումները համապատասխանեցվել են բուժանձնակազմի փաստացի աշխատանքի ծավալներին։
Ավանեսյանը հայտնել է, որ ընդհանուր առմամբ բժշկական համակարգում նկատվում է թե՛ բժիշկների, թե՛ միջին բուժանձնակազմի աշխատավարձերի դրական դինամիկա։ Կախված ուղղությունից՝ եկամուտների աճը կազմում է 10–20%, իսկ առանձին դեպքերում բժիշկների աշխատավարձերը, նրա խոսքով, եռապատկվել են։ Դրա հետ մեկտեղ, նախարարը, այնուամենայնիվ, խոստովանել է, որ մի շարք բժշկական մասնագիտությունների գծով արձանագրվում է փաստացի ծանրաբեռնվածության և մատուցվող ծառայությունների ծավալի նվազում։ «Սա կապված է ֆիքսված դրույքաչափերից դեպի փաստացի մատուցված ծառայությունների դիմաց վճարման համակարգին անցնելու հետ»,- նշել է նա։
Այս առումով, ըստ Ավանեսյանի, աշխատանքներ են տարվում առանձին մասնագետների և ուղղությունների համար անհատական լուծումներ գտնելու ուղղությամբ։ Լուծումների մի մասն արդեն ներդրվել է, մի մասն էլ քննարկման փուլում է։






