Կաթնատամները կարող են պահպանել մարդու կյանքի վաղ փուլերի մանրամասն կենսաբանական «ժամանակագրությունը», ներառյալ մետաղների ազդեցությունը դեռևս մինչև ծնունդը: Նման եզրակացության են հանգել հետազոտողները, որոնց աշխատանքը հրապարակվել է Science Advances հանդեսում: Գիտնականներն առաջին անգամ համադրել են կաթնատամների վերլուծությունը ուղեղի մագնիսառեզոնանսային շերտագրության հետ՝ պարզելու համար, թե զարգացման որ շրջաններում է շրջակա միջավայրի ազդեցությունը հատկապես ուժեղ ներգործում նյարդային համակարգի վրա:

Հետազոտողներն ուսումնասիրել են 8-14 տարեկան 489 երեխայի կաթնատամներ: Այս ատամները սկսում են ձևավորվել դեռևս հղիության երկրորդ եռամսյակում և աճում են շերտերով՝ գրեթե ծառի տարեկան օղակների պես: Յուրաքանչյուր շերտ պահպանում է այն քիմիական նյութերի հետքերը, որոնք շրջանառվել են երեխայի և մոր օրգանիզմում որոշակի ժամանակահատվածում: Օգտագործելով դենտինի լազերային վերլուծությունը՝ գիտնականները կարողացել են բառացիորեն, ըստ շաբաթների, վերականգնել ինը մետաղների ազդեցությունը՝ հղիության կեսից մինչև ծննդից հետո մոտ 10-րդ ամիսը:

Ուսումնասիրվող տարրերի թվում էին կապարը, մանգանը, ցինկը, մագնեզիումը, պղինձը, լիթիումը, բարիումը, ստրոնցիումը և անագը: Հետազոտությունը ցույց է տվել, որ վաղ զարգացման երկու փուլ հատկապես կարևոր են եղել. ծննդից մոտ 4–8 շաբաթ անց և այնուհետև կյանքի 32–42 շաբաթականում: Հենց այդընդմիջումներում մետաղների խառնուրդների ավելի բարձր ազդեցությունը կապված է եղել դեռահասության տարիքում վարքագծի և ուղեղի կառուցվածքի փոփոխությունների հետ:

Երեխաների մի մասի համար հետազոտողները նաև մագնիսառեզոնանսային շերտագրություն են անցկացրել: Սկանավորումը ցույց է տվել, որ կրիտիկական շրջաններում որոշ մետաղների բարձր ազդեցությունը կապված է ուղեղի ընդհանուր ծավալի փոքրացման, սպիտակ նյութի ամբողջականության վատթարացման, ուղեղի տարբեր հատվածների միջև կապերի արդյունավետության նվազման հետ:

Առանձնահատուկ նկատելի դեր է խաղացել մանգանը, թեև գիտնականներն ընդգծում են, որ ուսումնասիրված շատ տարրեր (օրինակ՝ ցինկը և մագնեզիումը) ինքնին կենսականորեն անհրաժեշտ նյութեր են, և խնդիրը կարող է առաջանալ ինչպես ավելցուկի, այնպես էլ հավասարակշռության խախտման դեպքում:

Հեղինակները հատկապես կարևոր են համարում այն փաստը, որ կաթնատամները հնարավորություն են տալիս բառացիորեն «նայել հետ՝ դեպի անցյալ»: Սովորաբար հետազոտողները գրեթե չեն կարողանում ճշգրիտ որոշել, թե հատկապես ինչ ազդեցությունների է ենթարկվել երեխան ներարգանդային շրջանում: Սակայն ատամները պահպանում են այդ տեղեկատվությունը բարձր ճշգրտությամբ՝ ընդհուպ մինչև 7–10 օրվա ընդմիջումներով: Ըստ պրոֆեսոր Մանիշ Արորայի՝ ատամներն աշխատում են որպես վաղ զարգացման յուրօրինակ կենսաբանական արխիվ:

Միևնույն ժամանակ, հետազոտողները շեշտում են. աշխատանքը չի ապացուցում, որ մետաղներն ուղղակիորեն հոգեկան կամ նյարդաբանական խանգարումներ են առաջացնում: Հետազոտությունը վիճակագրական կապեր է ցույց տալիս և օգնում պարզել ուղեղի բարձր խոցելիության շրջանները:

Որոշ մասնագետներ նշում են նաև, որ աշխատանքում դժվար է եղել լիովին հաշվի առնել բոլոր ուղեկցող գործոնները՝ օրինակ՝ սնունդը, սթրեսի մակարդակը, էկոլոգիան կամ սոցիալական պայմանները: Ընդսմին, գիտնականները համարում են արդյունքները կարևոր քայլ հասկանալու համար, թե ինչպես տարիներ անց կյանքի առաջին ամիսներին շրջակա միջավայրը կարող է ազդել ուղեղի առողջության վրա: