2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում գործում է պարտադիր համապարփակ բժշկական ապահովագրության նոր համակարգը, որի նպատակն է հասանելի դարձնել հիմնական բժշկական ծառայությունները և բուժման ընթացքում թեթևացնել բնակչության ֆինանսական բեռը։
Ապահովագրական այս համակարգը չափազանց կարևոր է Հայաստանի նման երկրի համար, որտեղ բնակչության զգալի մասը պարզապես ի վիճակի չէ սեփական միջոցներով հոգալ բուժման ծախսերը։ Այդուհանդերձ, ուռոլոգ, «Բժշկի ձայնը» շարժման անդամ Գևորգ Գրիգորյանի խոսքով՝ պարտադիր բժշկական ապահովագրությունը ներդրվել է շտապողականությամբ և բժշկական հաստատությունների աշխատակիցների նկատմամբ վարչական ճնշումների գործադրմամբ։
NEWS.am Medicine-ը պարտադիր ապահովագրության բարեփոխումների և դրա բացթողումների շուրջ զրուցել է Գևորգ Գրիգորյանի հետ։
Բյուրոկրատական խնդիրներ
Հիմնական բարդությունները կապված են կազմակերպչական հարցերի հետ. շատերի համար անհասկանալի է բյուրոկրատական համակարգի գործելակերպը, դրա մեխանիզմները, դիմելու կարգը կամ թե որ փուլում պացիենտը պետք է ուղեգիր ստանա և այլն։
Գևորգը մի օրինակ է բերում իր պրակտիկայից. «Ես՝ որպես ուռոլոգ և վիրաբույժ, գիտեմ, որ տվյալ ախտորոշման դեպքում վիրահատություն է անհրաժեշտ։ Սակայն պացիենտն այդ ախտորոշմամբ գնում է պոլիկլինիկա՝ ուղեգիր ստանալու, իսկ այնտեղ նույն հիվանդության համար ամբուլատոր բուժում են նշանակում»։
Բացի այդ, մասնագետն առանձնակի մատնանշում է նոր համակարգի շրջանակներում բժշկական ծառայությունների արժեքը. օրինակ՝ կան վիրահատություններ, որոնց գները չափազանցված են, և հակառակը՝ կան վիրահատություններ, որոնց գները չափից ավելի ցածր են սահմանված։
Բժիշկների աշխատավարձերի նվազումը և մասնագիտական դիսբալանսը
Բարեփոխումների ներդրման առաջին շրջանում խնդիրներ առաջացան բժիշկների եկամուտների նվազման հետ, ինչի մասին Ազգային ժողովում բարձրաձայնում էին նաև ընդդիմադիր պատգամավորները։ Այժմ, երբ այդ հարցը քիչ թե շատ կարգավորվել է, ի հայտ է եկել մեկ այլ խնդիր՝ տարբեր մասնագիտացում ունեցող բժիշկների միջև եկամուտների անհավասար բաշխվածությունը։
Մասնագետի խոսքով՝ քանի որ թերապևտների մոտ պացիենտների հոսքը միշտ ավելի մեծ է, քան նեղ մասնագետների մոտ, թերապևտներն այժմ ավելի քիչ են ուղեգրում հիվանդներին համապատասխան մասնագետների մոտ և փորձում են իրենց գիտելիքների սահմաններում անձամբ բուժել նրանց. «Շատ հաճախ արդյունքում մեզ մոտ են գալիս սխալ ախտորոշմամբ ու սխալ նշանակված բուժմամբ պացիենտներ։ Սա բժշկական ապահովագրության համակարգի ներկա փուլի լուրջ բացթողումներից է։ Իսկ դրա հետևանքը կարող է լինել թերի բուժված պացիենտների թիվը, բժշկական օգնության որակի անկումը և մահացության բարձր ցուցանիշը»։
Կադրային դեֆիցիտի ռիսկը
Եթե հարցին նայենք բժիշկների աշխատաշուկայի տեսանկյունից, ապա բարեփոխումներն արդեն իսկ հանգեցրել են նրան, որ շատ բժիշկներ մտածում են բժշկությունից հեռանալու մասին, պնդում է Գևորգ Գրիգորյանը։ «Բժշկի ձայնը» շարժման ներկայացուցիչները հորդորում են չգնալ նման քայլերի, քանի որ «բժշկությունն ավելի խորը և «հավերժական» մասնագիտացում է, քան այսօրվա իշխանությունը»։
Կբավականացնե՞ն արդյոք միջոցները բարեփոխումների համար
Գևորգ Գրիգորյանի խոսքով՝ ներքին տեղեկություններ կան, որ դեռ երկու շաբաթ առաջ սպառվել է պարտադիր բժշկական ապահովագրության (ՊԲԱ) համար հատկացված բյուջեն, ինչի պատճառով էլ նախատեսվում է կառավարության նիստ՝ պահուստային ֆոնդից բարեփոխումների շարունակման համար հավելյալ միջոցներ հայթայթելու նպատակով։ Այս ամենը կարող է հանգեցնել նրան, որ բժշկական օգնություն ստանալու համար հերթեր կգոյանան։
«Առողջապահության նախարարությունը չի հրաժարվի բարեփոխումներից, սակայն վարչական եղանակով կստիպի տեղամասերի և պետական կլինիկաների բոլոր ղեկավարներին պացիենտներին հերթագրել»։
«Առողջապահության մեջ ամեն ինչ չէ, որ չափվում է պացիենտների թվով»
Տեղեկություններ կան նաև այն մասին, որ Առողջապահության նախարարությունն առաջարկել է վերապատրաստվել այն բժիշկներին, որոնց մոտ պացիենտների դիմելիությունը ցածր է։ Սակայն մեր փորձագետը նախազգուշացնում է, որ սա կարող է հանգեցնել կադրային սովի՝ հենց այն պահին, երբ դրանց կարիքն ամենաշատը կլինի.
«Օրինակ՝ վերցնենք ինֆեկցիոնիստի կամ ֆթիզիատրի մասնագիտությունը. նրանց աշխատանքի արդյունավետությունը որոշվում է ոչ թե պացիենտների հոսքով, այլ հենց դրանց բացակայությամբ։ Նրանց գրագետ աշխատանքի շնորհիվ է, որ վարակներն ու համաճարակները չեն տարածվում։ Եթե մենք ունենանք մեծ թվով ինֆեկցիոն հիվանդներ, դա կնշանակի, որ առողջապահական համակարգը տապալվել է։ Ինֆեկցիոնիստը ոսկու արժեք ունի. նա պետք է այնպես աշխատի, որ իր մոտ պացիենտներ չգնան»։
Այդ պատճառով էլ նման բուժաշխատողների աշխատավարձը չպետք է տատանվի, ինչպես եղավ, օրինակ, COVID-19-ի ժամանակ, երբ կոնկրետ մասնագիտացման բժիշկների սուր պակասի պատճառով աշխատավարձերը քառապատկվեցին, իսկ համավարակի մարումից հետո՝ նորից նվազեցին։
«Չի կարելի մոռանալ, թե բժիշկն ինչ դեր ունի հանրապետության առողջապահական համակարգում։ Կան բժիշկներ, որոնք պետք է վարձատրվեն, պատկերավոր ասած, «ոչինչ չանելու համար», որովհետև մի գեղեցիկ օր նրանց կարիքը կարող է նորից զգացվել։ Առողջապահության ոլորտում պետական քաղաքականությունը շուկայական հարաբերություններ չէ. այն պետք է կանխատեսի, պլանավորի և հաշվի առնի բոլոր ռիսկերը, որոնք անհրաժեշտ է կանխարգելել»,- պնդում է Գևորգ Գրիգորյանը։
Պայքարը շարունակելու ռազմավարությունը
«Բժշկի ձայնը» շարժումը, մեր փորձագետի խոսքով, շարունակելու է պայքարել բժիշկների աշխատանքային պայմանների բարելավման համար. «Ես երբեք նախապես չեմ բարձրաձայնում մեր հետագա քայլերի մասին, բայց կարող եմ ասել, որ մենք շարունակելու ենք հետևել իրավիճակին և այս խնդիրները ներկայացնելու ենք լայն հանրությանը»։
Հիշեցնենք, որ Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրումը քննարկվում էր արդեն մի քանի տարի և համարվում էր առողջապահության ոլորտի առանցքային բարեփոխումներից մեկը։
2026 թվականի հունվարի 1-ից համակարգն արդեն գործում է ամբողջ ծավալով։ Ըստ բարեփոխումների հայեցակարգի՝ բժշկական ծառայությունների մի մասը ֆինանսավորվում է պետության կողմից՝ պարտադիր բժշկական ապահովագրության մեխանիզմով։ Իշխանություններն այս նորամուծությունը դիտարկում են որպես բժշկական օգնության հասանելիության ու որակի բարձրացմանն ուղղված քայլ։
Այդուհանդերձ, նոր համակարգի ներդրումը բուռն քննարկումների տեղիք է տվել ինչպես պացիենտների, այնպես էլ բժշկական համայնքի ներկայացուցիչների շրջանում։ Բժիշկներն ու մասնագիտական միավորումները մատնանշում են կազմակերպչական, ֆինանսական և կադրային մի շարք խնդիրներ, որոնք, իրենց կարծիքով, դեռևս լրամշակման կարիք ունեն։ Այդպիսի միավորումներից է «Բժշկի ձայնը» շարժումը, որի ներկայացուցիչները հանդես են գալիս բարեփոխումների առանձին մեխանիզմների վերանայման օգտին։






