2028 թվականի հունվարի 1-ից Հայաստանի բոլոր քաղաքացիները կընդգրկվեն առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգում։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին կայացած Ազգային ժողովի նիստում՝ 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ, հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝ համապարփակ ապահովագրության ներդրումն անդառնալի գործընթաց է, և առաջիկա տարիներին համակարգն աստիճանաբար կընդլայնվի։

«Առողջապահության համապարփակ ապահովագրությունն անդառնալի իրողություն է և հետագայում ավելի է ընդլայնվելու։ 2027 թվականին համակարգին կմիանան մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները, քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողները, ինչպես նաև տաքսի ծառայության ոլորտի վարորդները»,- ասել է Ավանեսյանը։

Նա նշել է, որ նախատեսված բոլոր խմբերին համակարգում ներառելու գործընթացը կավարտվի 2028 թվականին, և հունվարի 1-ից ապահովագրությունը կգործի բոլոր քաղաքացիների համար։

Ավանեսյանն ընդգծել է, որ թեև համակարգը կընդգրկի բոլորին, սակայն բացարձակապես բոլոր բժշկական ծառայությունները չեն փոխհատուցվելու. այն ներառելու է առաջնահերթ և անհրաժեշտ բժշկական ծառայությունների փաթեթը։

Գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, որ պետությունը կշարունակի ընդլայնել պետպատվերի շրջանակում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ցանկը՝ ելնելով բնակչության կարիքներից և պետության պարտավորություններից։

«Մեր քաղաքականությունն այն է, որ պետությունը հետևողականորեն կընդլայնի պետպատվերով մատուցվող ծառայությունների ծավալը՝ որքանով որ դա կհամապատասխանի մեր քաղաքացիների կարիքներին և դրանք հոգալու պետական պարտավորություններին։ Մենք որդեգրել ենք հենց այս քաղաքականությունը»,- հայտարարել է նախարարը։