Հայաստանի մի շարք մարզերի գյուղական ամբուլատորիաներում պետական ֆինանսավորման ուշացումներ են գրանցվել, ինչն արդեն իսկ անդրադարձել է աշխատակիցների աշխատավարձերի վճարման վրա։

«Անկախ փորձագետ» ՀԿ նախագահ Ծաղիկ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ մարզային բժշկական հաստատությունները բախվում են մայիս ամսվա ֆինանսավորման ուշացումների հետ, մինչդեռ մայրաքաղաքում, թեև ուշացումով, բայց գումարները ստացել են։ Փորձագետի կարծիքով՝ սա անարդար է գյուղական ամբուլատորիաների նկատմամբ, որոնք, ի տարբերություն քաղաքային բուժհաստատությունների, գրեթե չունեն ֆինանսավորման այլ աղբյուրներ։

NEWS.am Medicine-ի տեղեկություններով՝ իրավիճակն առավել սուր է դրսևորվել Արմավիրի և Կոտայքի մարզերում։

Հատկանշական է, որ պատասխանատու կառույցներից և ոչ մեկը դեռևս պատասխանատվություն չի ստանձնել իրավիճակը պարզաբանելու համար։ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամից այս հարցով խորհուրդ են տվել դիմել Առողջապահության նախարարություն։ Նախարարությունից էլ, իրենց հերթին, NEWS.am Medicine-ին հայտնել են, որ ամբուլատորիաները գտնվում են համայնքային ենթակայության տակ, հետևաբար դրանց ֆինանսավորման հարցը մարզային գերատեսչությունների իրավասության տիրույթում է։

Հրապարակման պահին մարզային կառույցներից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ Հայաստանի տարբեր բուժհաստատություններ ունեն տարբեր ենթակայություն (մի մասը ենթարկվում է Առողջապահության նախարարությանը, մի մասը՝ համայնքապետարաններին, իսկ որոշներն էլ մասնավոր են), սակայն պետական ֆինանսավորումը նրանք ստանում են մեկ միասնական կառույցից՝ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամից։ Բայց քանի որ Հիմնադրամից հորդորեցին դիմել Նախարարություն, ստացվում է փակ շրջան…

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը հունիսի 18-ին որոշում է կայացրել Առողջապահության նախարարությանը լրացուցիչ 5 միլիարդ 540 միլիոն դրամ (մոտ 15 միլիոն ԱՄՆ դոլար) հատկացնել՝ առողջապահության համապարփակ ապահովագրության ծրագիրը սուբսիդավորելու համար։ Սա վկայում է այն մասին, որ տվյալ ծրագրի իրականացման համար ի սկզբանե հատկացված միջոցները բավարար չեն եղել։ Ուստի ինքնստինքյան հանգում ենք այն եզրակացությանը, որ մարզերում բժշկական կառույցների ֆինանսավորման ուշացումները կապված են հենց այս հանգամանքի հետ։

Իշխանությունների տվյալներով՝ առողջության ապահովագրության սուբսիդավորում ստացող քաղաքացիների թիվը 2026 թվականի հունվարի 146,113-ից հունիսին հասել է 237,590-ի։