ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողներին մանրամասներ է ներկայացրել Ստամբուլ նախատեսված իր այցից։ Նա հայտնել է, որ մասնակցելու է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարածաշրջանային նախարարական համաժողովին, որը նվիրված է արտակարգ իրավիճակներին, այդ թվում՝ երկրաշարժերին և այլ ճգնաժամերին առողջապահական համակարգերի արձագանքման խնդիրներին։
Նախարարի խոսքով՝ այցը տեղի է ունենալու ԱՀԿ-ի կողմից Ստամբուլում կազմակերպվող միջոցառման շրջանակում, որն ունի մասնագիտական, տարածաշրջանային բնույթ։ Հանդիպման առանցքային թեման լինելու է արտակարգ իրավիճակների՝ առաջին հերթին երկրաշարժերի, ինչպես նաև ճգնաժամային այլ սցենարների պայմաններում առողջապահական համակարգերի համակարգումն ու փոխգործակցությունը։ Քննարկումների կենտրոնում է լինելու նաև բժշկական թիմերի աշխատանքը և դրանց օպերատիվ տեղակայման մեխանիզմները։ Ավանեսյանն ընդգծել է, որ խոսքը մասնագիտացված նախարարական համաժողովի մասին է, որտեղ քննարկվելու են բացառապես մասնագիտական հարցեր՝ կապված ճգնաժամերին առողջապահական համակարգերի պատրաստվածության հետ։
Նախարարն առանձնահատուկ նշել է, որ Հայաստանը գտնվում է արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման իր բժշկական թիմերի գնահատման եզրափակիչ փուլում։ Այս թիմերը հավաստագրում են անցնում ԱՀԿ հովանու ներքո։ Նրա փոխանցմամբ՝ մոտ ժամանակներս սպասվում է պաշտոնական հավաստագրի ստացումը, որը կհաստատի հայկական թիմերի համապատասխանությունը միջազգային չափանիշներին։ Ընթացակարգի հաջող ավարտից հետո Հայաստանը կունենա սերտիֆիկացված թիմեր, որոնք ընդունակ կլինեն գործել ինչպես երկրի ներսում, այնպես էլ անհրաժեշտության դեպքում դրանից դուրս՝ արտակարգ իրավիճակներին արձագանքման միջազգային գործողությունների շրջանակում։ Ավանեսյանն ընդգծել է, որ այս արդյունքին հասնելը շուրջ երեք տարվա աշխատանքի արդյունք է, և այն որպես կարևոր ինստիտուցիոնալ հաջողություն է որակել երկրի առողջապահական համակարգի համար։
Պատասխանելով համաժողովի շրջանակում հնարավոր հավելյալ շփումների մասին հարցին՝ նախարարը նշել է, որ ԱՀԿ-ի կողմից կազմակերպվող նման միջոցառումները, որպես կանոն, նախատեսում են տարածաշրջանի երկրների նախարարների միջև երկկողմ հանդիպումների ձևաչափ։ Նրա խոսքով՝ նման հանդիպումներն իսկապես հնարավոր են, սակայն այս պահին երկկողմ բանակցությունների վերջնական գրաֆիկն ու հաստատված օրակարգը դեռ ձևավորված չեն։






