Առողջության համընդհանուր ապահովագրության գծով սահմանված 129,600 դրամ տարեկան ապահովագրավճարը միասնական է քաղաքացիների բոլոր կատեգորիաների համար, սակայն, օրենքի համաձայն, ենթակա է վերանայման։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ սա վերաբերում է ինչպես սեփական միջոցներով ապահովագրությունն վճարող քաղաքացիներին, այնպես էլ բնակչության այն խմբերին, որոնց համար վճարում է պետությունը՝ մինչև 18 տարեկան երեխաներին, 65 տարեկանից բարձր քաղաքացիներին և արտոնություններ ունեցող այլ խմբերին։ Ավանեսյանը նշել է, որ օրենքը թույլ չի տալիս բնակչության տարբեր խմբերի համար ապահովագրավճարի տարբեր չափեր սահմանել։
Նախարարն ընդգծել է, որ ապահովագրավճարի գումարը մշտապես ֆիքսված չէ։ Ամեն տարի Համընդհանուր բժշկական ապահովագրության հիմնադրամը մանրամասն հաշվետվություն է պատրաստելու փաստացի ծախսերի, մատուցված բժշկական ծառայությունների քանակի, բուժման արժեքի փոփոխության, կանխատեսվող ծախսերի և համակարգի ֆինանսական կայունության վերաբերյալ։
Դրանից հետո Առողջապահության նախարարությունը Ազգային ժողով է ներկայացնելու հաջորդ տարվա ապահովագրավճարի չափի վերաբերյալ առաջարկը։ Խորհրդարանն իր հերթին կկարողանա կայացնել մի քանի որոշումներից մեկը՝ թողնել վճարի չափն անփոփոխ, բարձրացնել կամ նվազեցնել այն։ «Նման մեխանիզմն ուղղակիորեն նախատեսված է օրենքով»,- ընդգծել է նախարարը։
Պատասխանելով այն հարցին, թե ով է կրելու լրացուցիչ ֆինանսական բեռը, եթե ապահովագրավճարը բարձրանա, նախարարը պարզաբանել է, որ ամեն ինչ կախված կլինի պետական բյուջեի հնարավորություններից։ Եթե բյուջեն թույլ տա ավելացնել պետական սուբսիդավորման ծավալը, պետությունը կկարողանա լրացուցիչ ծախսերն իր վրա վերցնել։ Եթե նման հնարավորություն չլինի, սուբսիդիաների ծավալը կարող է վերանայվել։
Ավանեսյանի փոխանցմամբ՝ արդեն առաջիկա մեկ-երկու ամսում Առողջապահության նախարարությունը կառավարության ֆինանսական բլոկի հետ համատեղ կսկսի քննարկել համակարգի ֆինանսավորման՝ 2027 թվականի պարամետրերը։ Մասնավորապես, կորոշվի, թե պետությունն ինչ ծավալի միջոցներ կկարողանա ուղղել բնակչության տարբեր խմբերի սուբսիդավորմանը, ներառյալ այն քաղաքացիներին, որոնց ապահովագրավճարի մի մասն արդեն այսօր փոխհատուցվում է։
Նախարարն անդրադարձել է նաև Համընդհանուր բժշկական ապահովագրության հիմնադրամի ծախսերի հարցին։ Նա ընդգծել է, որ վարչական ծախսերն արդեն իսկ ներառված են համակարգի ֆինանսական մոդելում և խստորեն սահմանափակված են օրենսդրությամբ։ Ըստ օրենքի՝ հիմնադրամի պահպանմանը կարող է ուղղվել բժշկական ապահովագրության համակարգի ընդհանուր բյուջեի ոչ ավելի, քան 2%-ը։ Միևնույն ժամանակ, հիմնադրամն ամեն տարի հաստատելու է իր սեփական բյուջեն և այն ներկայացնելու է պետության կողմից սահմանված ընթացակարգի շրջանակներում։






