Սարատովի պետական համալսարանի (ՍՊՀ) գիտնականները՝ միջազգային հետազոտական խմբի կազմում, առաջարկել են ուղեղի քաղցկեղի ամենաագրեսիվ ձևը բուժել ինֆրակարմիր լազերի միջոցով։ Փորձարարական կենդանիների ապրելիությունը պատվաստված ուռուցքի վրա լազերային ազդեցությունից հետո 34%-ից հասել է 64%-ի։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են The European Physical Journal Special Topics ամսագրում։

Գլիոբլաստոման կենտրոնական նյարդային համակարգի ամենահաճախ հանդիպող չարորակ ուռուցքն է։ Բուժման ստանդարտ մեթոդները՝ վիրահատական հեռացումը, որին հաջորդում է ճառագայթային կամ քիմիաճառագայթային թերապիան, միշտ չէ, որ արդյունավետ են և ունենում են ծանր կողմնակի ազդեցություններ։ Այդ պատճառով ամբողջ աշխարհում նոր մոտեցումների փնտրտուք է ընթանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ն․Գ․ Չերնիշևսկու անվան Սարատովի ազգային հետազոտական պետական համալսարանի հետազոտողները՝ Ռուսաստանի և Իրանի գործընկերների հետ համատեղ, ուռուցքային բջիջների վրա ազդել են 1267 նանոմետր ալիքի երկարություն ունեցող ինֆրակարմիր լազերով։ Ճառագայթումը գրգռում է թթվածնի մոլեկուլները՝ դրանք փոխադրելով բարձր ռեակտիվ սինգլետային ձևի, ինչն էլ բջիջներում գործարկում է ծրագրավորված մահվան (ապոպտոզի) մեխանիզմները։ Միաժամանակ լազերը ճնշում է աուտոֆագիայի գործընթացը, որը հաճախ օգնում է ուռուցքին գոյատևել թերապիայի ընթացքում։ Ի տարբերություն ֆոտոդինամիկ թերապիայի՝ նոր մեթոդը չի պահանջում ֆոտոսենսիբիլիզատորների ներարկում և ոչ ինվազիվ է։

«Մենք հզորությունն ու ազդեցության ժամանակը ընտրում էինք նախ բջջային մոդելների, ապա կենդանիների վրա։ Լիակատար ապաքինման հասնել չի հաջողվում, բայց գլիոբլաստոմայի դեպքում անգամ ուռուցքի աճի դանդաղեցումն արդեն հաջողություն է, քանի որ ուղղակիորեն կապված է կյանքի տևողության ավելացման հետ»,- պատմել է ՍՊՀ «Խելացի քնի» լաբորատորիայի ավագ գիտաշխատող, Կոլեկտիվ օգտագործման կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Շիրոկովը։

Գիտնականի խոսքով՝ նախկինում ուռուցքաբանության մեջ լազերները կիրառվում էին հիմնականում ֆոտոդինամիկ թերապիայի շրջանակում․ պացիենտին ներարկում էին ֆոտոսենսիբիլիզատորներ, որոնք կուտակվում են ուռուցքի մեջ, ինչից հետո դրանք «այրում էին» լազերով։

«Սա բավականին կոշտ մեթոդ է՝ առողջ հյուսվածքների համար ռիսկերով, կողմնակի ազդեցություններով ու հակացուցումներով։ Մեր մոտեցումը ոչ ինվազիվ է՝ առանց հավելյալ նյութերի։ Մենք ազդում ենք ուղղակիորեն բջջային մեխանիզմների վրա՝ վերագործարկելով քաղցկեղային բջջի մահվան ներքին ծրագրերը։ Սա շատ ավելի խնայող ազդեցություն է, որը կարելի է կիրառել որպես բուժման հավելյալ մեթոդ»,- ընդգծել է հետազոտողը։

Ներկայումս փորձարկումներն անցկացվել են կենդանիների վրա։ Հետագայում գիտնականները ծրագրում են իրականացնել նախակլինիկական և կլինիկական հետազոտություններ՝ մարդկանց համար մեթոդի արդյունավետությունը գնահատելու նպատակով։