Լվացքի՝ տան ներսում չորացումը կարող է լուրջ առողջական խնդիրներ ստեղծել թույլ իմունային համակարգ եւ ծանր ասթմա ունեցող մարդկանց համար, զգուշացնում են բժիշկները:
Բնակարանը ջեռուցող սարքերի վրա փռված լվացքը կարող է սենյակային խոնավության՝ 30 տոկոսի չափով ավելացման հանգեցնել՝ իդեալական պայմաններ ստեղծելով՝ բորբոսի սպորների համար:
Փորձագետներին հատկապես Aspergillus fumigatus-ի սպորներն են մտահոգում, որոնք կարող են թոքերի ինֆեկցիա հրահրել, հաղորդում է The Daily Mail-ը:
Լվացքի՝ տան ներսում չորացման վտանգավոր լինելու մասին զգուշացման հեղինակը պրոֆեսոր Դենինգի ղեկավարությամբ գործող գիտնականներն են՝ Ասպերգիլեզի ազգային կենտրոնից (Մանչեսթեր), որոնք առիթ ունեն Aspergillus fumigatus-ի սնկային սպորներ կլանած հարաճուն թվով հիվանդների բուժել:
Պրոֆեսոր Դենինգի դիտարկմամբ, «մեկ թաց լվացքը միջինը երկու լիտր ջուր է պարունակում, ինչն ի վերջո սենյակում կարող է հայտնվել: Ճիշտ է՝ մարդկանց մեծամասնությունը կամ կայուն իմունիտետ ունի՝ նմանատիպ խոնավ միջավայրերում բազմացող սնկերի նկատմամբ, կամ էլ առողջ իմունային համակարգ՝ դրանց դեմ պայքարելու համար: Սակայն ասթմայով տառապողների մոտ հավելյալ խոնավությունը կարող է հազ եւ շնչարգելություն առաջացնել, իսկ թույլ կամ վնասված իմունային համակարգ ունեցող մարդկանց՝ քիմիաթերապիա անցնող օնկոլոգիական հիվանդների, ՁԻԱՀ-ով կամ աուտոիմուն հիվանդությամբ տառապողների մոտ սունկը կարող է թոքային ասպերգիլեզի առաջացում հրահրել, ինչի արդյունքում էլ անվերականգնելի, երբեմն էլ՝ մահացու վնաս հասցնել թոքերին եւ սինուսային խոչոռներին»:
«Խորհուրդս այն է, որ լվացքը դրսում կամ լավ օդափոխվող փակ տարածքներում՝ ննջասենյակիցներից եւ բնակելի տարածքներից հեռու չորացնեք», - նշել է փորձագետը:
Երեք երեխաների հայր, 43-ամյա Քրեգ Մադերը մանկության տարիներին ասթմա է տարել, իսկ այնուհետեւ էլ՝ 1997թ.-ին, տուբերկուլյոզով վարակվել, ինչի արդյունքում թոքերն էլ ավելի թույլ եւ խնդրահարույց վիճակում են հայտնվել:
«Դեռ նոր էի ապաքինվել՝ տուբերկուլյոզից, երբ պարզվեց՝ քրոնիկ թոքային ասպերգիլեզ ունեմ, ուստի բժիշկս ստիպված էր նաեւ հատուկ դեղամիջոցներ նշանակել՝ սնկային ինֆեկցիայի դեմ պայքարի համար: Կարճ ժամանակ անց նկատեցի, որ ուժեղ հազ եւ գիշերային քրտնարտադրություն եմ ունենում հատկապես այն օրերին, երբ ննջասենյակի ռադիատորի վրա լվացք է փռված լինում: Կլինիկայում համաձայնեցին, որ առողջական խնդիրների վատթարացման պատճառը հենց դա կարող է լինել, եւ ահա արդեն 12 ամիս է՝ լվացքը միայն դրսում ենք չորացնում, իսկ այդ ընթացքում վիթխարի բարելավում եմ զգում», - պատմել է նա:
Ասպերգիլեզը Aspergillus անվամբ հայտնի սնկային բորբոսի հրահրմամբ ի հայտ եկող ինֆեկցիաների ընդհանուր անվանումն է հանդիսանում: Դրանք կարող են ոչ միայն շնչափողը, սինուսային խոռոչներն ու թոքերն ախտահարել, այլ նաեւ ողջ մարմնով մեկ տարածվել:
Կախված տարատեսակ գործոններից, ասպերգիլեզի ախտանշանները կարող են թույլ կամ ուժեղ շնչահեղությունից մինչ արյունոտ հազի հասնել:
Նախընթաց՝ Գլազգոյում գործող Մակինտոշի ճարտարապետական դպրոցի նախաձեռնությամբ իրականացված հետազոտությամբ պարզվել էր, որ ժամանակակից տները չափից դուրս շատ խոնավություն են պարունակում, ինչի երրորդ մասը հենց խոնավ լվացքին է վերագրելի:
Գիտնականները լվացքի չորացման համար նախատեսված ներտնային անվտանգ տարածքներ կառուցելու՝ տների եւ շենքերի շինարարությամբ զբաղվող ընկերություններին ուղղված կոչով են հանդես եկել:






