Ալիսա Ռիգանը չի սիրում իր՝ ԱՄՆ-ում լյարդի բարեհաջող փոխպատվաստման ենթարկված առաջին հիվանդը լինելու մասին խոսել: Եվ այդուհանդերձ, 25 տարի առաջ նրա նկատմամբ իրականացված՝ կենդանի դոնորի լյարդի մասնակի փոխպատվաստմամբ վիրահատության շնորհիվ է, որ կինն այսօր կարող է այլեւս սովորական դարձած բժշկական պրոցեդուրայի տարեդարձը նշել:
Ալիսան 21 ամսական էր, երբ մայրը՝ Թերի Սմիթն իր լյարդի երրորդ մասից ավելին դստերը փոխանցեց՝ վերջինիս լեղատար ուղիների ատրեզիայից փրկելու համար: Եվ հաջողված վիրահատության շնորհիվ է, որ 26-ամյա կինը նորմալ, մահացու վտանգավոր հիվանդությունից զերծ կյանք վարելու հնարավորություն է ձեռք բերել, հաղորդում է NewsMax Health-ը:
«Հիմա արդեն հազվադեպ եմ հիշում այդ մասին: Սակայն ձեռք բերված առողջության շնորհիվ է, որ 5 տարեկանից ի վեր կարողացել եմ բալետի եւ պարի դասընթացների հաճախել», - նշել է Ալիսան՝ լրագրողների հետ իր՝ Մերիլենդ նահանգում գտնվող տանը կայացած զրույցի ընթացքում:
«Բոլոր տարեդարձներս մեծ շուքով են նշվում, եւ առավել հաճախ հենց դրանց ընթացքում եմ մտքերով ընկնում», - հավելել է նա:
Վիրահատությունն ի սկզբանե միայն փոքր երեխաների նկատմամբ էր իրականացվում, իսկ հիմա արդեն կարող է դեռահասների, տրանսպլանտացիայի որոշ կենտրոններում անգամ՝ չափահասների նկատմամբ կիրառվել:
Լեղատար ուղիների ատրեզիան լյարդից լեղու հոսքի արգելափակմամբ ու դրա՝ օրգանում եւ արյան մեջ կուտակմամբ է բնորոշվում: Նախքան Ալիսայի վիրահատությունը, աշխարհում կենդանի դոնորից լյարդի փոխպատվաստման ընդամենը չորս պրոցեդուրա էր իրականացվել՝ Բրազիլիայում, Ավստրալիայում եւ Ճապոնիայում՝ ծանր վիճակում հայտնված երեխաների նկատմամբ:






