Արեւմտյան Աֆրիկայի՝ Էբոլա հեմոռագիկ տենդի ընթացիկ համաճարակի էպիկենտրոնը համարվող երեք երկրներից մեկի՝ Գվինեայի մայրաքաղաք Կոնակրիի բուժկենտրոններից մեկում հիվանդության ախտորոշմանը միտված՝ ներկայումս կիրառվող թեստերից առնվազն 6 անգամ արագ՝ 15 րոպեի ընթացքում պատասխան տրամադրող հետազոտություն է փորձարկվելու: Ակնկալվում է, որ վիրուսով վարակման վաղ ախտորոշումը կարող է ինֆեկցիայի նկատմամբ վերահսկողության բարելավման հանգեցնել, քանի որ հիվանդներին ավելի արագ մեկուսացնելու եւ նրանց բուժումն ավելի վաղ սկսելու հնարավորություն կընձեռի: Առավել երկարաժամկետ հեռանկարում այն սուր վարակիչ հիվանդության տարածման եւ մահացության ցուցանիշների աստիճանաբար կրճատման միջոց կարող է ծառայել, հաղորդում է The Daily Mail-ը:

Նախանշված փորձարկումը Wellcome Trust-ի եւ Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման գործակալության համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող 6 առողջապահական ծրագրերից մեկն է հանդիսանում:

Սենեգալի մայրաքաղաք Դաքարում գործող Պաստերի ինստիտուտի գիտահետազոտական խմբերից մեկի ղեկավարությամբ իրականացվելիք փորձարկումը ռեսուրսներից զուրկ բնակավայրերի համար նախատեսված «շարժական ճամպրուկային լաբորատորիայի» միջոցով է իրականացվելու: Այն ընդամենը արեւային մարտկոց, սլուցման բլոկ եւ արդյունքներն ընթերցող՝ փոքր դյուրակիր համակարգչի չափի սարք է ներառում, իսկ ահա հետազոտման նպատակով կիրառվող ռեագենտը դեղահաբի տեսք ունի, այսինքն՝ կարող է սենյակային ջերմաստիճանի պայմաններում պահպանվել եւ առաքվել:

Ներկայումս կիրառվող հետազոտությունների նմանությամբ, նորահայտ թեստը եւս վիրուսի գենետիկ նյութը հայտնաբերելու միտում ունի:

Պիլոտային ծրագրով կորոշվի, թե որքանով է այն անվտանգ եւ արդյունավետ է՝ Էբոլայով վարակված լինելու մեջ կասկածվող մարդկանց արյան եւ թքի նմուշների հետազոտման համար:

Wellcome Trust-ի միջազգային գործառնությունների բաժնի ղեկավար դոկտոր Վալ Սնյուինը նշել է, որ «վստահարժան, 15 րոպեի ընթացքում Էբոլայով վարակման վարկածի հաստատումը գտնելու ունակ հետազոութունը կարող է հիվանդների հնարավորինս շուտ բացահայտման, մեկուսացման ու բուժման հնարավորություն ընձեռել եւ արդյունավետ գործիք դառնալ՝ Էբոլայի համաճարակի կառավարման հարցում»:

«Դա կարող է ոչ միայն հիվանդների՝ կենդանի մնալու շանսերն ավելացնել, այլեւ առողջների՝ վիրուսով վարակումը կանխելու միջոց դառնալ», - նշել է նա:

Պիլոտային հետազոտությունը հատկապես խոստումնալից է այն տեսանկյունից, որ հեղինակները դրա՝ հեռավոր դաշտային՝ հաճախ էլեկտրականությունից եւ սառեցման հնարավորությունից զուրկ բուժկայաններում կիրառման միջոց են գտել:

«Բրիտանական առաջին լաբորատորիան այլեւս շրջում է Սիերա-Լեոնեում, եւս երկուսն էլ ներկայումս պատրաստման ընթացքում են գտնվում: Դրանց օգնությամբ օրական քառակի անգամ մեծ թվով հետազոտություններ կարող են իրականացվել», - նշել է Ջասթին Գրինինգը՝ Միջազգային զարգացման գործակալությունից: