Գիտնականները պարզել են, որ կյանքի հետագա տարիներին լեյկոզի առաջացման ռիսկը արյան որակի՝ հեշտ նկատելի փոփոխությամբ կարելի է գնահատել: Խոսքը գեների սպեցիֆիկ մուտացիայի մասին է, որի առկայության պարագայում արյան քաղցկեղով ախտորոշման 10 անգամ բարձր ռիսկ է սպառնում, հաղորդում է The Daily Mail-ը:
Խնդրո առարկա նախաչարորակ փոփոխությունը առավել հաճախ տարիքի հետ է ի հայտ գալիս. այն հազվադեպ դեպքերում կարող է 40-ից ցածր տարիքի մարդկանց մոտ հայտնաբերվել, սակայն յուրաքանչյուր հաջորդ տասնամյակի ընթացքում առավել հաճախ երեւան գալու, իսկ 70 տարեկանից բարձր տարիքի մարդկանց մոտ՝ 10 տոկոս հավանականություն կազմելու միտում է դրսեւորում:
ԴՆԹ-ի հետազոտությամբ պարզվել է, որ մուտացիան կրողները հետագա հինգ տարիներին լեյկոզով կամ լիմֆոմայով ախտորոշվելու՝ ընդհանուր 5 տոկոսի հասնող ռիսկի են ենթարկվում:
Ընդ որում, գենետիկ փոփոխությունը երբեք բնածին բնույթ չի կրում, եւ միայն տարիքի հետ է ի հայտ գալիս:
Բացահայտումը միմյանցից անկախ՝ երկու գիտահետազոտական խմբեր են հեղինակել:
Նախընթաց՝ արյան քաղցկեղի վերլուծմանը միտված հետազոտությունների ընթացքում միայն բնածին մուտացիայով բնորոշվող գեներն են ուսումնասիրվել: Ասել է, թե՝ գիտնականների ուշադրության կենտրոնում առաջին անգամ սոմատիկ՝ բջիջների վերարտադրման ընթացքում ձեռք բերվող մուտացիաներն են հայտնվել:
«Մարդիկ հաճախ սեւով եւ սպիտակով են մտածում հիվանդության մասին՝ նրանց ընկալմամբ մարմինը կամ ախտահարված է հիվանդությամբ, կամ առողջ, մինչդեռ իրականում հիվանդությունների մեծ մասը աստիճանավար՝ ամիսների եւ տարիների ընթացքում են զարգանում: Հետազոտութան արդյունքները պարզապես պատուհան են բացում՝ արյան քաղցկեղի զարգացման վաղ փուլերի ուղղությամբ», - նշել է պրոֆեսոր Սթիվեն ՄաքՔարոլը՝ Հարվարդի բժշկական դպրոցից:
Սիդհարթհա Ջայզվալն էլ՝ Մասաչուսեթսի գլխավոր հիվանդանոցից, այսպիսի մեկնաբանություն է տվել. «Քաղցկեղը գործընթացի վերջին փուլն է հանդիսանում: Նախքան կլինիկապես ախտորոշելի դառնալն այն հասցնում է տարիների ընթացքում ի հայտ եկող մի շարք մուտացիաներ կուտակել: Այն, ինչ մենք ենք հայտնաբերել, հիվանդության զարգացման դեռեւս չափազանց վաղ, նախաչարորակ փուլն է ներկայացնում, երբ բջիջները դեռեւս առաջին նախաձեռնող մուտացիան են ձեռք բերում»:
Երկու գիտահետազոտական խմբերի անդամները նույն եզրակացությանը միանգամայն տարբեր ճանապարհներով են հանգել:
Առաջին դեպքում գիտնականները փորձել են արյան մեջ ի հայտ եկող մուտացիաները բացահայտել՝ քաջ գիտակցելով, որ տարիքի հետ արյան քաղցկեղի առաջացման ռիսկի աճ է նկատվում: Նրանց հաջողվել է քաղցկեղի, ինչպես նաեւ երկրորդ տիպի շաքարախտի, սրտանոթային հիվանդությունների եւ ինսուլտի առաջացման բարձր ռիսկ ենթադրող մուտացիաներ գտնել, թեեւ բացահայտումների հավաստիությունը հետագա հետազոտություններով հաստատման կարիք է զգում:
Երկրորդ դեպքում գիտահետազոտական խմբի անդամները փորձել են սոմատիկ մուտացիաների եւ շիզոֆրենիայի առաջացման ռիսկի միջեւ կապի առկայությունը պարզել՝ ի վերջո հասկանալով, որ դրանք գլխավորապես քաղցկեղային գեների հետ են կապված: Արդյունքում մուտացիաների եւ արյան քացկեղի առաջացման բարձր ռիսկի միջեւ կապն է բացահայտվել:
Գիտնականների համոզմամբ, հետազոտությունների արդյունքները, մուտացիայի ենթարկված բջիջների՝ մարկերի տեսքով գործարկման պարագայում, կարող են արյան քաղցկեղի կանխարգելման միջոց ծառայել:






