Արեւմուտքում գենային թերապիայի առաջին դեղամիջոցը Գերմանիայում է վաճառվելու: Ընդ որում, բուժման ամբողջ կուրսը 1,1 մլն եվրո կարող է արժենալ: Դեղամիջոցը, The Guardian-ի հաղորդմամբ, հազվագյուտ գենետիկ հիվանդության՝ լիպոպրոտեինլիպազայի անբավարարության բուժման համար է նախատեսված:
Glybera անվանումը ստացած դեղամիջոցը հոլանդական կենսատեխնոլոգիական UniQure եւ իտալական Chiesi ընկերությունների համատեղ ջանքերով է մշակվում: Այն արյան մեջ լիպիդների մակարդակը կարգավորող լիպոպրոտեինլիպազայի ֆերմենտի անբավարարությունը վերացնելու հատկություն ունի: Հիվանդության առկայության դեպքում, մուտացիայի ենթարկված գենի պատճառով, օրգանիզմում ֆերմենտի արտադրություն չի ընթանում, իսկ արյունատար անոթներն էլ ճարպերով խցանվելու վտանգի առաջ են կանգնում:
Glybera-ն դեռեւս 2012թ-ին է հավանության արժանացել, սակայն վաճառքի վերջնական թույլտվությունը ԳԴՀ-ի իշխանություններից 2015թ.-ի ապրիլ ամսին կարող է ստացվել: Դեղամիջոցի մեկ ամպուլայի մանրածախ գինը 53 հազար եվրո է սահմանվել, այնպես որ տիպիկ հիվանդի բուժման կուրսը 1,1 մլն եվրո կարող է արժենալ, թեեւ գնագոյացման՝ դեղագործության ոլորտի համար մշակված գերմանական ստանդարտներին համապատասխան, հիվանդներին նաեւ որոշակի զեղչ է հասնում:
Ողջ Եվրոպայում պոտենցիալ հիվանդների թիվը 200-ը չի գերազանցնում, ուստի հազիվ թե դեղամիջոցի արժեքը էական ազդեցություն ունենա՝ առողջապահության ոլորտը ներկայացնող մասնավոր եւ պետական հաստատությունների բյուջեի վրա: Արեւմտյան աշխարգում գենային թերապիայի առաջին դեղամիջոցի (ավելի վաղ քաղցկեղի դեմ նմանատիպ թերապիա Չինաստանում է առաջարկվել) ճակատագիրը դեղագործական ընկերությունների համակ ուշադրությանն է արժանացել: Բուժման նոր մեթոդի կողմնակիցները նշում են, որ դեղամիջոցը նաեւ արժեքի տեսանկյունից է ձեռնտու (չանայած այդչափ բարձր գնին), քանի որ մարդուն լիովին բուժելու հնարավորություն է ընձեռում: Այնպես որ, ֆերմենտային փոխարինման մի քանի սեանսների հետ համեմատությամբ, Glybera-ով բուժման կուրսը կարող է նույնիսկ ավելի էժան նստել, համոզված են Chiesi-ի ներկայացուցիչները:






