Հայաստանում գործող հատուկ դպրոցներ կատարած այցելությունների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանը մի կարեւոր խնդիր է արձանագրել. այդ դպրոցներում հաճախ սովորում են ոչ միայն մտավոր զարգացման խնդիրներ ունեցող երեխաներ, այլեւ այնպիսի երեխաներ, ում խնդիրներն աննշան են կամ ընդհանրապես բացակայում են: Այս մասին լրագրողներին մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Անուշ Մարգարյանն է պատմել:
«Ստացվում է, որ այդ դպրոցներում կրթվում են ոչ միայն մտավոր զարգացման խնդիրներ ունեցող երեխաները, այլեւ խնդիրներ չունեցող երեխաները, մինչդեռ օրենքով նման բան չպետք է կատարվի», - ասել է նա:
Հատուկ դպրոցները, Անուշ Մարգարյանի խոսքով, նման դեպքերում «լուծում» են այդ երեխաների սոցիալական խնդիրները: Բացի այդ, հատուկ դպրոցների ֆինանսավորումը պայմանավորված է այնտեղ կրթվող երեխաների թվով. որքան շատ երեխա է այնտեղ ընդունվում, այնքան մեծ է պետության ֆինանսավորումը:
«Մենք գտնում ենք, որ ավելի նպատակահարմար կլիներ, որ այդ գումարներն ուղղվեին ընտանիքներին, որպեսզի այն երեխաները, որոնք չունեն մտավոր զարգացման խնդիրներ, չգնային հատուկ դպրոց, այլ մնային իրենց ընտանիքներում, չմեկուսացվեին իրենց ընտանիքներից, եւ այդ գումարը բավականացվեր, որպեսզի իրենց դաստիարակությունը եւ ընտանիքում մեծանալու իրավունքն ապահովվեր», - նշել է ՄԻՊի խորհրդականը:
Բացի այդ, նրա խոսքով, երկրում դեռ առկա է սովետական միությունից մնացած «ինստիտուցիոնալիզացիայի» սովորույթը, ըստ որի հաշմանդամություն ունեցող մարդկանց ձգտում են առանձնացնել, մեկուսացնել, հատուկ դպրոցներ, հոգեբուժարաններ եւ մանկատներ տեղափոխել: Սակայն այս մոտեցումը, Անուշ Մարգարյանի խոսքով, մի շարք թերություններ ունի, այդ իսկ պատճառով, այլընտրանքային մոտեցումներ պետք է մշակվեն, որպեսզի հաշմանդամություն կամ մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ չմեկուսացվեն եւ իրենց բոլոր իրավունքներից օգտվելու հնարավորություն ստանան:






