Դեկտեմբերի 3-ին աշխարհում նշվում է պեստիցիդների դեմ պայքարի միջազգային օրը, որի կարգախոսն է՝ «Պեստիցիդները քաղաքակրթության փախուղին են»: Որպես պեստիցիդների դեմ պայքարի օր է ընտրվել դեկտեմբերի 3-ը, քանի որ 1984 թվականին հենց այս օրը Հնդկաստանի պեստիցիդների գործարաններից մեկում էկոլոգիական աղետ է տեղի ունեցել:
Պեստիցիդները սինթետիկ քիմիական նյութեր են, որոնք բազմաթիվ երկրներում նախորդ դարի կեսից օգտագործվում են բերքն ավելի առատ դարձնելու համար: Սակայն ավելի ուշ պարզվել էր, որ այդ նյութերը վնաս են հասցնում ջրին, հողին, այլ բույսերին, կենդանիներին եւ, իհարկե, մարդկանց առողջությանը:
Կա կարծիք, որ պեստիցիդները կարող են մարդկանց եւ կենդանիների տարատեսակ հիվանդությունների եւ մուտացիաների պատճառ դառնալ, խախտել նրանց հորմոնալ համակարգը, իմունային համակարգը, օնկոլոգիական հիվանդություններ եւ բնածին արատներ առաջացնել: Ի դեպ, ըստ ԱՀԿ տվյալների՝ աշխարհում ամեն տարի պեստիցիդներով թունավորման մոտ 2 միլիոն դեպք է գրանցվում:
Արդյունքում, բազմաթիվ ակտիվիստներ այսօր պնդում են, որ պեստիցիդների՝ մարդկությանը հասցրած վնասը շատ ավելի մեծ է, քան օգուտը: Այդ իսկ պատճառով էլ նշվում է պեստիցիդների դեմ պայքարի միջազգային օրը, որի գլխավոր նպատակն է իրազեկել հանրությանը պեստիցիդների վտանգների մասին եւ կոչ անել քիմիական պարարտանյութերի փոխարեն օրգանականներին նախապատվություն տալ, քանի որ դրանք մարդկանց առողջության եւ շրջակա միջավայրի համար շատ ավելի անվտանգ են:






