Երկու օր առաջ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց հանրակրթության մասին օրենքում փոփոխությունների եւ լրացումների նախագիծը: Դա կարեւոր առաջխաղացում է, քանի որ այս նախագծով հստակեցվում են ներառական կրթության ոլորտում մի շարք կարեւոր հարցեր, որոնք մինչ այժմ կարգավորված չէին, կարծում է մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Անուշ Մարգարյանը:
Նրա խոսքով՝ վերջին շրջանում կան նաեւ այլ ձեռքբերումներ՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց՝ կրթություն ստանալու ոլորտում: Մասնավորապես, մինչեւ վերջերս հաշմանդամություն ունեցող մարդիկ հնարավորություն չունեին ընդունվել ֆիզիկական կուլտուրայի համալսարան, քանի որ ընդունման կարգը որոշակի սահմանափակումներ էր նախատեսում: Սակայն այժմ կրթության եւ գիտության նախարարությունը հանձնարարական է տվել, որպեսզի հատուկ ծրագիր մշակվի, որը հնարավորություն կտա հաշմանդամություն ունեցող մարդկանց ընդունվել վերոհիշյալ համալսարանը:
Անուշ Մարգարյանը նաեւ հույս է հայտնել, որ այս փոփոխությունները հնարավորություն կտան բոլոր երեխաներին՝ անկախ նրանց խնդիրներից, կրթություն ստանալ:
Սակայն այս ոլորտում դեռ մի շարք չլուծված խնդիրներ կան. մասնավորապես, որոշ ներառական դպրոցներ ընդհանրապես հարմարեցված չեն տեղաշարժման հետ խնդիրներ ունեցող երեխաների համար: Օրինակ, նախորդ տարի կառուցված թիվ 174 դպրոցում միայն թեքահարթակ կա, բայց դռները եւ սանհանգույցները հարմարեցված չեն, իսկ վերելակ չկա: Նույն խնդիրն առկա է Կապանի թիվ 2 նորակառույց դպրոցում:
«Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության անդամ Նարինե Մանուկյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ նույնպես փաստել է, որ դպրոցներն այսօր հարմարեցված չեն սայլակով տեղաշարժվող երեխաների համար: Որոշ դպրոցներում նման երեխաների դասասենյակները չգիտես ինչու երկրորդ կամ երրորդ հարկերում են գտնվում, իսկ քանի որ վերելակներով այդ դպրոցներն ապահովված չեն, մայրերն իրենց երեխաներին դասասենյակ տանելիս ստիպված են լինում ամեն օր մեծ դժվարություններ հաղթահարել:






