Մեծ Բրիտանիայի ազգային առողջապահական ծառայության պատասխանատուներից մեկի դիտարկմամբ, ալկոհոլը թագավորության «լուռ դահճի» կարգավիճակն է ձեռք բերում: Մտահոգիչ է հատկապես այն, որ միջին խավի կողմից այդչափ սիրված գինու յուրաքանչյուր գավաթն իր վնասակարությամբ երեք բաժակ օղու է հավասար:

Անգլիայի հանրային առողջության ծառայության ղեկավար Դունկան Սելբին ալկոհոլի չարաշահման արդյունքում հիվանդացության դեպքերի թվի՝ 1970-ական թվականներից ի վեր 500 տոկոսով ավելացման հանգամանքն է մատնանշել՝ հավելելով, որ արդյունքում երեւույթը երկրի աշխատունակ քաղաքացիների շրջանում վտանգավորությամբ երրորդ «դահիճն» է դարձել: Մեծ Բրիտանիան միակ երկիրն է Արեւմտյան Եվրոպայում՝ բացառությամբ Ֆինլանդիայի, որտեղ մինչ այժմ էլ լյարդի հիվանդությամբ ախտորոշման դեպքերի թվի աճ է նկատվում, հիշեցնում է The Daily Mail-ը:

Հանրային ծառայության ղեկավարը հիշեցրել է, որ միջին խավի ներկայացուցիչները օրվա վերջին հաճախ են մեկ գավաթ գինի ըմպում՝ առանց պատկերացում ունենալու, թե որչափ մեծ ծավալ է այն հանդիսանում:

Ընդ որում, վերջին տարիներին ոչ միայն գավաթների թվի, այլեւ՝ դրանց չափերի ավելացում է նկատվում, ինչի արդյունքում օրական ընդունված գինու ծավալներն էլ ինքնաբերաբար աճում են:

Դունկան Սելբին հատկապես լյարդի՝ միանգամայն կանխարգելելի հիվանդությունների, մասնավորապես՝ ցիռոզի խնդրին է անդրադարձել, որով ախտահարվումը բավականին ուշ՝ հիվանդի՝ բուժհաստատության օգնությանը դիմելուց հետո է բացահայտվում: 

«Լյարդի հիվանդությունները միանգամայն կանխարգելելի են՝ հաշվի առնելով, որ դրանց առաջացման ռիսկի ամենամեծ գործոնը ալկոհոլն է հանդիսանում», - նշել է նա:

Պատգամավոր Ֆիոնա Բրյուսը՝ լեյբորիստական կուսակցությունից, համաձայնել վերը բերված դիտարկումներին: «Սա այն հարցն է, որին պետք է առավել մեծ ուշադրությամբ վերաբերվենք: Խոսքը մասնավորապես գիշերային ժամերին հարբեցողությամբ զբաղվող դեռահասներին է վերաբերում, թեեւ առավել բարձր տարիքի մարդկանց մոտ՝ կենցաղում ալկոհոլի չարաշահման դեպքերը եւս սակավաթիվ չեն», - ընդգծել է նա: