Հաշմանդամություն ունեցող բազմաթիվ մարդիկ կարող են եւ պատրաստ են աշխատել: Ավելին, նրանց աշխատանքի վերցնելը կարող է բավական ձեռնտու լինել գործատուի համար, պնդում է «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը:
NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ նա նա 3 պատճառ է ներկայացրել առ այն, թե ինչու հաշմանդամություն ունեցող մարդուն աշխատանք տալը ոչ թե բարեգործություն է, այլ՝ բավական շահավետ գործարք.
1. Հաշմանդամություն ունեցող մարդիկ ավելի հավատարիմ են իրենց գործատուին, եւ կադրերի հոսքը նրանց դեպքում ավելի նվազ է լինում: Այսինքն, գործատուն ստիպված չի լինում ժամանակ առ ժամանակ նոր աշխատող փնտրելու ձաստի առաջ կանգնել:
2. Կան պետական աջակցության ծրագրեր, որոնք գործատուներին խրախուսելու համար գումար են առաջարկում, եթե նրանք հաշմանդամություն ունեցող աշխատակիցներ են ունենում:
3. Կազմակերպության աշխատանքի արդյունավետությունը բարձրանում է, երբ այնտեղ հաշմանդամություն ունեցող մարդիկ էլ են աշխատում:
Արմեն Ալավերդյանի խոսքով՝ հաշմանդամություն ունեցող եւ աշխատել ցանկացող բազմաթիվ մարդիկ անհամբեր սպասում են 2015 թվականի հունվարի 1-ին. հենց այս օրվանից է ուժի մեջ մտնելու նոր օրենքը, ըստ որի, պետական սեկտորում 100 եւ ավելի աշխատող ունեցող կազմակերպությունների աշխատողների 3 տոկոսը պետք է հաշմանդամություն ունեցող մարդիկ լինեն:
2016 թվականից նման քվոտա է գործելու նաեւ մասնավոր կազմակերություններում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Արմեն Ալավերդյանի գլխավորած հասարակական կազմակերպությունը Երեւանում կազմակերպել էր «Ես աշխատում եմ» խորագրով ֆոտոցուցահանդեսը, որին ներկայացված էին հաշմանդամություն ունեցող մարդիկ՝ իրենց աշխատատեղերում եւ որի նպատակն էր ցույց տալ, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ կարող են աշխատել տարբեր ոլորտներում եւ բավական հաջողակ լինել:
Հետաքրքիր է, որ ցուցահանդեսին ներկայացված կազմակերպությունների մեծ մասը մասնավոր էին՝ պետական էր միայն արտակարգ իրավիճակների նախարարությունը:






