Այսուհետ ավտովթարի հետեւանքով Մեծ Բրիտանիայի Օքսֆորդ քաղաքում գործող Ջոն Ռեդքլիֆի հիվանդանոցի անհետաձգելի բուժօգնության բաժանմունք տեղափոխված մարդիկ «Թեթրիս» համակարգչային խաղի օգնությամբ եւս թերապիա կստանան: Բուժանձնակազմի անդամները վթարից հետո՝ վեց ժամվա ընթացքում նրանց կխնդրեն աղյուսների տեղավորման խաղը խաղալ, հաղորդում է The Daily Mail-ը:

Հաստատության գիտաշխատողները վստահ են, որ խաղի տեսա-տարածական պահանջները մարդու երկարաժամկետ հիշողությունը վթարի հետ կապված մտավոր պատկերների ձեւավորումից զերծ պահելու հնարավորություն են ընձեռում: Բանն այն է, որ հիշյալ պատկերները հետվնասվածքային սթրեսի առաջացման գլխավոր դրդապատճառն են հանդիսանում:  

Փորձարկմանը Օքսֆորդի համալսարանում իրականացված հետազոտությունն է նախորդել, որի շրջանակում կամավորները, տագնապի առաջացում հրահրող ֆիլմ դիտելուց հետո, Թեթրիս խաղալու կամ որեւէ այլ գործողություն իրականացնելու առաջարկ են ստացել, ինչի արդյունքում պարզվել է, որ վիրտուալ աղյուսների տեղավորմամբ զբաղված մասնակիցների մոտ առավել նվազ հաճախականությամբ են տհաճ հիշողություններ արթնացել: