Հայաստնում գրանցված հակասնկային դեղամիջոցների թիվը բավական մեծ է։ Դա, իհարկե, պայմանավորված է ոչ թե նրանով, որ այստեղ մարդիկ ավելի հաճախ են սնկային վարակներ ձեռք բերում, այլ որ այդ դեղամիջոցները հաճախ են նշանակվում՝ տեղի թե անտեղի։
Ինչպես արդեն նշել էինք, Հայաստանում երբեմն բոլորովին անտեղի են հակասնկային դեղամիջոցներ նշանակում եւ օգտագործում՝ հակաբիոտիկներով բուժման հետ մեկտեղ։ Այն մասին, թե ինչու է դա արվում, NEWS.am Medicine-ի թղթակիցը մաշկավեներաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ է զրուցել։
1. Բժիշկներն են նշանակում
Կա ենթադրություն, որ հակաբիոտիկ ընդունելիս ստամոքս-աղիքային տրակտում, հեշտոցում կամ տղամարդկանց միզասեռական համակարգում կարող է սնկային հիվանդություն զարգանալ, այդ իսկ պատճառով բազմաթիվ բժիշկներ պրոֆիլակտիկ հակասնկային բուժում են նշանակում։ Սակայն խնդիրն այն է, որ անպայման չէ, որ հակաբիոտիկներից հետո սնկային ախտահարում առաջանա, այդ իսկ պատճառով,արեւմտյան բժշկության մեջ ընդունված է պրոֆիլակտիկ հակասնկային դեղամիջոցներ միայն հատուկենտ դեպքերում՝ մասնավորապես, վերակենդանացման բաժնում պառկած, թույլ իմունային համակարգ ունեցող, շաքարային դիաբետով տառապող եւ օրգանների տրանսպլանտացիայի ենթարկված հիվանդին նշանակել։
2. Պացիենտներն են ցանկանում
Որոշ բժիշկներ շատ լավ ծանոթ են ժամանակակից գրականությանը եւ գիտեն, որ հակաբիոտիկների հետ միասին պետք չէ պրոֆիլակտիկ հակասնկային բուժում նշանակել, եթե հիվանդը չունի վերը նշված խնդիրներից որեւէ մեկը։ Սակայն նույնիսկ այդպիսի բժիշկները երբեմն ստիպված են լինում պրոֆիլակտիկ հակասնկային բուժում նշանակել, քանի որ պացիենտը ցանկանում է հակաբիոտիկի հետ միասին հակասնկային բուժում ստանալ. նա լսել է, որ այդպես է պետք։
3. Դեղատների աշխատակիցներն են առաջարկում
Բազմաթիվ պացիենտներ արդեն իսկ հակաբիոտիկի հետ միասին հակասնկայինի նշանակումով են դեղատուն մտնում, իսկ նրանց, ում դեղատոմսին հակասնկային նշված չէ, դեղատների աշխատակիցներն են իրենց դեղամիջոցները վաճառելու ցանկությամբ դրդված կամ չիմացության արդյունքում առաջարկում։
Ամեն դեպքում, հակաբիոտիկների հետ միասին հակասնկային ընդունելուց առաջ մի պահ մտածեք՝ արդյո՞ք Ձեզ պետք է ավելորդ դեղամիջոցներ ընդունել, ձանրաբեռնելով օրգանիզմը եւ գումար վատնելով։ Եթե Դուք վերը նշված հատուկ դեպքերի թվում չեք, մեծ է հավանականությունը, որ այդ դեղամիջոցի կարիքն իրականում չկա։ Իսկ եթե Ձեզ մոտ հակաբիոտիկների ընդունումից հետո սնկային վարակ առաջանա, այն հնարավոր կլինի հեշտությամբ բուժել։ Հիշեք, որ սնկային վարակը կարող է եւ ընդհանրապես չլինել։






