• Latest news

Ինչու՞ ՊԵՏՔ ՉԷ հակաբիոտիկների հետ միասին հակասնկային դեղամիջոցներ ընդունել

5 դեկտեմբերի, 2014  15:54

Հայաստանում այսօր գրեթե բոլոր բժիշկները հակաբիոտիկների հետ միասին պրոֆիլակտիկ հակասնկային բուժում են նշանակում։ Պացիենտների մեծ մասի համար դա սովորական բնույթ է կրում. ոմանք նույնիսկ զարմանում են, եթե բժիշկը հակասնկային դեղամիջոցներ չի նշանակում։

Պարզվում է՝ հակաբիոտիկներ ընդունելիս պրոֆիլակտիկ հակասնկային բուժման կարիքը գրեթե երբեք չի լինում, եւ այդ դեղամիջոցների նշանակումը հաճախ անտեղի է։ Փորձենք պարզել, թե ինչու։

Պրոֆիլակտիկ հակասնկային բուժման եւ դրա՝ երբեմն անտեղի լինելու մասին NEWS.am Medicine-ի թղթակիցը մաշկավեներաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ է զրուցել։

Ինչու՞ են Հայաստանում հակաբիոտիկների հետ միասին հակասնկային դեղամիջոցներ նշանակում

Մասնագետի խոսքով՝ այս երեւույթը առնում դեռ խորհրդային բժշկությունից է սկիզբ առնում, երբ հակաբիոտիկների հետ միասին ընդունված էր «նիստատին» նշանակել՝ սնկային հիվանդությունները «կանխարգելելու» համար։ Բանն այն է, որ իրականում նիստատինը աղիքաստամոքսային համակարգից գրեթե չի ներծծվում եւ չի կարող ոչ հեշտոցային, ոչ էլ, օրինակ, բերանի խոռոչի սնկային ախտահարումը կանխել։ Չնայած դրան, դեղամիջոցը, համաձայն սովորության, բոլորին նշանակում էին։

Այժմ ստեղծվել են շատ ավելի լավ հակասնկային դեղամիջոցներ, որոնք իրոք կարող են կանխել սնկային ախտահարումը, եւ նիստատինի փոխարեն բժիշկները, շարունակելով հետեւել սովորույթին, արդեն դրանք են նշանակում։ Մասնավորապես, խոսքը ֆլյուկոնազոլ պարունակող պրեպարատների մասին է, որոնք, բժիշկի խոսքով, շատ լավ դեղամիջոցներ են, բայց՝ միայն այն դեպքում, երբ դրանց կարիքն իրոք կա։

Ինչու՞ պետք չէ պրոֆիլակտիկ հակասնկային բուժում նշանակել

Պատճառները մի քանիսն են.

1. Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով, եթե նիստատինը ինչպես մտնում էր օրգանիզմ, այնպես էլ դուրս էր գալիս (օգուտ գրեթե չէր տալիս, բայց չէր էլ վնասում), ապա ֆլյուկոնազոլ պարունակող դեղամիջոցները անցնում են արդեն իսկ հակաբիոտիկներով ծանրաբեռնված լյարդի միջով եւ էլ ավելի ծանրաբեռնում այն։ Բացի այդ, դրանք կարող են կողմնակի ազդեցություններ ունենալ։

2. Եթե հետագայում հիվանդին իրոք անհրաժեշտ լինի հակասնկային բուժում, հնարավոր է, որ այդ դեղամիջոցն այլեւս չօգնի նրան, իսկ նոր դեղամիջոցներն այնքան էլ հաճախ չեն ստեղծվում։ Արդյոք արժե՞ անիմաստ պրոֆիլակտիկայի համար այդպիսի ռիսկի գնալ։

3. Լավ հակասնկային դեղամիջոցների յուրաքանչյուր հաբը մոտ 6000-7000 դրամ արժե, այսինքն, նման պրոֆիլակտիկ բուժումը նաեւ լուրջ ծախս է՝ հիվանդի համար։ Ընդ որում, այդ ծախսը ոչ միշտ է արդարացված, քանի որ փաստ չէ, որ հակաբիոտիկների կուրսից հետո հիվանդի մոտ անպայման սնկային հիվանդություն կառաջանա։

Ո՞ր դեպքերում է ՊԵՏՔ հակաբիոտիկների հետ միասին հակասնկային նշանակել

Ինչպես Հովհաննես Հովհաննիսյանն է նշել, անգլալեզու գրականության մեջ ոչ մի տեղ գրված չէ, որ հակաբիոտիկների հետ միասին ցանկացած մարդու պետք է հակասնկային բուժում նշանակել։ Սակայն լինում են դեպքեր, երբ պրոֆիլակտիկ բուժման կարիքն իրոք կա։ Օրինակ, վերակենդանացման բաժնում պառկած հիվանդին, թույլ իմունային համակարգ ունեցող հիվանդին, շաքարային դիաբետով տառապող մարդուն եւ օրգանների տրանսպլանտացիայի ենթարկված հիվանդին պետք է հակաբիոտիկների հետ միասին հակասնկային դեղամիջոց նշանակել։ Սակայն բոլոր այլ դեպքերում նման պրոֆիլակտիկայի կարիք ընդհանրապես չկա։

Իսկ եթե հակաբիոտիկների կուրսից հետո սնկային հիվանդությու՞ն զարգանա

Շատերի մոտ հակաբիոտիկներ ընդունելուց հետո սնկային հիվանդություն չի զարգանում, նույնիսկ եթե նրանք պրոֆիլակտիկայի համար ոչ մի քայլ չեն ձեռնարկում։ Բայց նույնիսկ եթե հակաբիոտիկների կուրսից հետո հիվանդի մոտ սնկային հիվանդություն զարգանա, այն հնարավոր կլինի հեշտությամբ բուժել՝ ընդ որում՝ նույն քանակի հակասնկային դեղամիջոցներով, որը պրոֆիլակտիկայի համար է օգտագործվում։

Բացի այդ, մասնագետի խոսքով, սնկային ախտահարումը կարող է այնքան աննշան լինել, որ օրգանիզմը ինքնուրույն այդ հարցը լուծի եւ ոչ մի դեղամիջոցների կարիք նույնիսկ չլինի։

Այսպիսով...

Այսպիսով, մասնագետը խորհուրդ է տալիս վերանայել հակաբիոտիկների հետ միասին հակասնկային դեղամիջոցներ նշանակելու սովորույթը, քանի որ դա բավական լուրջ գումարներ խնայելու, օրգանիզմն անտեղի դեղամիջոցներով չծանրաբեռնելու եւ օրգանիզմի կողմից՝ դեղամիջոցին անտեղի ընտելանու ռիսկից խուսափելու հնարավորություն կընձեռի հիվանդին։ Իսկ եթե հանկարծ սնկային հիվանդություն զարգանա, այն հնարավոր կլինի բուժել, եթե նման բուժման կարիք ընդհանրապես լինի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել