Սննդամթերքը կարող է անմիջական ազդեցություն ունենալ օրգանիզմի եւ, մասնավորապես, ոսկրերի առողջության վրա: Ուրեմն ինչպե՞ս պետք է սնվել՝ դրանք առողջ պահելու համար: Թեմայի շուրջ NEWS.am Medicine-ի թղթակիցը օրթոպեդ-մեխանիկ Արթուր Գալանտերյանի հետ է զրուցել:
Ծնողներից շատերի մտքով երբեք չի անցնում, հենց ճիշտ սննդառության շնորհիվ են երեխաների ոսկրերն առողջ ու ամուր մնում, ուստի եւ փոքրիկների սննդակարգին առանձնակի ուշադրություն չեն դարձնում: Մյուսներն էլ, ընդհակառակը, կարծում են, թե ոսկրերի համար օգտակարություն ներկայացնող ընդամենի մի քանի սննդատեսակ գոյություն ունի (օրինակ՝ կաթնաշոռը, ձուն եւ միսը) եւ ստիպում են իրենց երեխաներին, որ մշտապես դրանցով սնվեն:
Իրականում, ինչպես եւ ակնկալելի է, երկու մոտացումներն էլ ճիշտ չեն: Երեխայի սննդակարգը, մասնագետի խոսքով, պետք է այնպես սահմանվի, որ փոքրիկն ամեն օր բազմազան ուտեստներ ընդունելու եւ օրգանիզմը վիտամիններով, միներալներով, սպիտակուցներով ու այլ՝ ոսկրային հյուսվածքների ձեւավորման եւ աճի համար օգտակար նյութերով սնուցելու հնարավորություն ունենա:
Իսկ ո՞ր սննդատեսակներն են ոսկրերի համար օգտակար նյութեր պարունակում:
շԱրթուր Գալանտերյանի խոսքով, կաթնաշոռը կալցիումի լավագույն աղբյուրներից մեկի համբավն ունի՝ ժողովրդի շրջանում, մինչդես հոլանդական պանիրն, օրինակ, անհամեմատ ավելի մեծ ծավալով կալցիումի բաղադրություն ունի, ուստի եւ ցանկալի է, որ ոչ միայն երեխաների, այլ նաեւ չափահասների սննդակարգում ներառվի:
Մասնագետը խորհուրդ է տալիս նաեւ հաճախակի ձուկ (հատկապես՝ ծխահարված), բուլղարական պղպեղ, պիստակ եւ քնջութ օգտագործել (կալցիումով հարուստ սննդատեսակների առացել մանրամասն ցանկը կարող ես այստեղ գտնել): Ինչ վերաբերում է քաղցրեղենին ու ֆասթ-ֆուդին, ցանկալի է դրանց կիրառությունը սահմանափակել, քանի որ այդպիսի սննդամթերքն աճող (ինչպես եւ ցանկացած այլ) օրգանիզմին հավելյալ կալորիաներից բացի ոչինչ չի կարող տալ:






