Միջազգային խումբ կազմած գիտնականները քաղցկեղի գոյության ամենավաղ վկայություններն են գտել: Հնեաբանների եւ մարդաբանների համատեղ խմբի աշխատանքի արդյունքները PLoS.ONE ամսագրում են հրապարակվել:
Հետազոտական աշխատանքի հեղինակներն են Անգելա Լիվերսը՝ Կանադայում գործող Սասկաչեւանի համալսարանից, Դենիել Թեմփլը՝ ԱՄՆ Վիրջինիա նահանգում գործող Ջորջ Մեյսոնի համալսարանից եւ Վլադիմիր Բազալեւսկին՝ Իրկուտսկի պետական համալսարանից:
Մասնագետները շուրջ 4,5 հազար տարի առաջ՝ բրոնզե դարում բնակված եւ 35-45 տարեկանում մահացած հավաքողի ոսկրերն են հետազոտել: Վլադիմիր Բազալեւսկիի խոսքով, ոսկրերի գրեթե բոլոր հատվածների վրա ցեցի «կերածին» նման վնասվածքներ են հայտնաբերվել: Ընդ որում, ոչ միատարր սահմաններով վնասվածքների տրամագիծը մի քանի միլիմետրից 6 սմ-ի կարող է հասնել:
Կանադացի գիտնականների նախաձեռնությամբ իրականացված ռադիոգրաֆիկ վերլուծությունը՝ ախտորոշման այլ մեթոդների հետ համադրությամբ, ցույց է տվել, որ տվյալ՝ հազարամյակներ առաջ ապրած մարդն իր կյանքի ընթացքում մետաստատիկ կարցինոմայով՝ թոքերի եւ շագանակագեղձի՝ ողջ մարմինն ախտահարած չարորակ քաղցկեղով է տառապել:
Վլադիմիր Բազալեւսկիի հաղորդմամբ, գիտական միջավայրում շարունակվում են վիճաբանություններն առ այն, թե երբ է քաղցկեղն առաջին անգամ մարդկության մոտ ի հայտ եկել: Վարկածներից մեկի համաձայն, հին ժամանակներում մարդիկ քաղցկեղով չէին հիվանդանում, քանի որ դրա ծագմանը չհամապատասխանող կեսնակերպ էին վարում: Կան նաեւ այնպիսի գիտնականներ, որոնց դիտարկմամբ քաղցկեղը բոլոր ժամանակներում է մարդու ուղեկիցը եղել: Իրկուտսկի պետական համալսարանի ներկայացուցչի հավաստիացմամբ, խնդրո առարկա հիվանդությունը հին օրերում ավելի հաճախ է ի հայտ եկել, քան մինչ այժմ էր թվում:
Բազալեւսկին ենթադրում է, որ որսորդ-հավաքողները մշտապես խարույկներից արձակված ծուխն էին շնչում, ինչն էլ կարող էր թոքերի քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ: Գիտնականի դիտարկմամբ, հետազոտության օբեյկտիվում հայտնված տղամարդն, ամենայն հավանականությամբ, ողջ կյանքում ցավեր ու արյունահոսություն է ունեցել: Հատկանշական է, որ ցեղակիցները նրա գերեզմանին ծիսական իր՝ արտաքինից օձ հիշեցնող պոչով գդալ են դրել, ինչն, ըստ երեւութին, հիվանդության առկայություն է մատնանշում:
Որոշ հնեաբանական հետազոտությունների արդյունքում վկայություններ են ձեռք բերվել առ այն, որ դեռեւս նեանդերթալցիներն են քաղցկեղով տառապել: Հիվանդության նկարագրությունն առաջին անգամ եգիպտական պապիրուսին է հայնձնվել՝ մեր թվարկությունից առաջ մոտավորապես 1600 թվականին: Խոսքը, մասնավորապես, կրծքագեղձի քաղցկեղի մասին է:






