Հետազոտությամբ ապացուցվել է, որ սեռական ճանապարհով փոխանցվող մարդու պապիլոմավիրուսի դեմ մշակված պատվաստանյութի՝ երիտասարդ աղջիկներին նշանակումը ռիսկային հարաբերությունների չի հանգեցնում:

Հետազոտության շրջանակում պատվաստանյութի ներարկումը ստացած դեռահասների մոտ հղիանալու կամ մեկ այլ սեռավարակ ձեռք բերելու հետ կապված ռիսկի ավելացնում չի նկատվել, հաղորդում է FoxNews-ը:

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնը ներկայացնող փորձագետները բոլոր տղաներին եւ աղջիկներին խորհուրդ են տալիս պատվաստանյութի երեքական ներարկում ստանալ՝ արգանդի վզիկի, հետանցքի, առնանդամի եւ կոկորդի քաղցկեղի առաջացման համար պատասխանատու վիրուսի տարբեր շտամներից պաշտպանությունն ապահովելու համար:

Մինչ այժմ պատվաստանյութի եւ ռիսկային սեռական վարքագծի միջեւ կապի բացահայտմանը միտված եւս մեկ՝ նշանակալիորեն փոքր ծավալի հետազոտություն է նախաձեռնվել, որը նույնպես բացասական արդյունքներ է տվել: 

«Այս հետազոտությունը, որի արդյունքում եւս ռիսկի աճի վերաբերյալ որեւէ վկայություն չի հայտնաբերվել, նախորդից գրեթե 200 անգամ մեծ ծավալներով է իրականացվել: Հիմա արդեն հարցի շուրջ երկիմաստություններ չեն կարող լինել», - նշել է գիտահետազոտական խմբի ղեկավար Լիա Սմիթը՝ Մոնրեալում գործող ՄաքԳիլի համալսարանից: 

2007թ.-ից ի վեր Օնտարիոյի դպրոցների ութերորդ դասարանում սովորող բոլոր աղջիկներին՝ միջինը 13 տարեկան, մարդու պապիլոմավիրուսի դեմ մշակված պատվաստանյութի երեք ներարկում է առաջարկվել: Նրանց 50 տոկոսի պարագայում վակցինացիոն ծրագիրն ամբողջությամբ իրականացվել է: 

Հետագայում՝ 10-12-րդ դասարաններում բոլոր աղջիկների մոտ հղիության՝ ավելի քան 10 հազար եւ որեւէ սեռավարակի ձեռքբերման՝ 6 հազար դեպք է գրանցվել:

Սակայն, ինչպես տվյալների վերլուծության արդյունքում է պարզվել, վակցինացիայի ենթարկված աղջիկների մոտ հղիանալու կամ սեռավարակ ձեռք բերելու հետ կապված ռիսկի ավելացում չի նկատվել:

«Թեմայի շուրջ նախընթաց հետազոտությունները սեռական վարքագծի փոփոխության վերաբերյալ մասնակիցների դիտարկումներն էին հիմք ընդունում, ինչը խնդրահարույց է՝ անաչառ ուսումնասիրության համար, քանի որ հիշողության եւ սոցիալական ցանկալիության վրա է հիմնվում», - մեկնաբանել է դոկտոր Սմիթը՝ հավելելով, որ հենց դրանց արդյունքում են ծնողներից շատերն իրենց երեխաներին պատվաստանյութի ազդեցությունից զերծ պահելու մասին որոշում կայացրել:

«Ահա թե ինչու Կանադայի կաթոլիկ դպրոցներն ի սկզբանե հրաժարվեցին վակցինացիոն ծրագրին մասնակցելու առաջարկից, եւ հիմա էլ մի շարք կրոնական կազմակերպություններ դեմ են արտահայտվում դրան», - նկատել է փորձագետը:

Նմանատիպ մտահոգություններ նաեւ ամերիկացիների շրջանում են տիրում:

Վակցինացիայի ամենալայն տարածում գտած կողմնակից ազդեցություններից են ցավը՝ ներարկման շրջանում եւ գլխապտույտը: Հիվանդության առաջացման կամ մահվան դեպք պատվաստանյութերից որեւէ մեկի՝ Գարդասիլի կամ Ցերվարիքսի ընդունման արդյունքում չի գրանցվել, հավաստիացրել է Հարվարդի համալսարանի հանրային առողջության դպրոցի դոցենտ Ջեյն Քիմը:

Ներկայումս ԱՄՆ երիտասարդ բնակիչների առավելագույնը 60 տոկոսն է առաջին ներարկումը ստանում, իսկ բոլոր երեք ներարկում ստացողների բաժինը նույնիսկ 40 տոկոսի սահմանաչափը չի գերազանցում: