«Երկու սրտի աշխատանք եմ լսում», - նկատել էր Սառա Ջիլեսպիի բժշկի՝ հղիության 8-րդ շաբաթվա ընթացքում ուլտրաձայնային հետազոտություն իրականացրած օգնականը:
Ամուսինները շոկի մեջ էին. երեխաները բնական ճանապարհով էին բեղմնավորվել, իսկ երկուսի ընտանեկան պատմությունն էլ երկվորյակների ծնունդ չէր հիշատակում, հաղորդում է FoxNews-ը:
Որոշ ժամանակ անց՝ բժշկի հետ հանդիպմանը Եւգենի եւ Սառան տեղեկացել էին, որ երկվորյակները տարբեր ամնիոտիկ պարկերում, սակայն մեկ ընդհանուր ընկերքի մեջ են տեղակայված: Հատկանշական է, որ որոշ դեպքերում երկվորյակները կարող են նաեւ մեկ ընդհանուր ամնիոտիկ պարկ ունենալ:
«Այդ ժամանակ որեւէ մտահոգություն չէր բարձրաձայնվում: Պարզապես ասացին՝ շնորհավորում ենք, մի անհանգստացեք, ամեն ինչ հրաշալի է լինելու», - պատմել է ամուսինը՝ Եւգենին:
Մինչդեռ հաջորդ՝ 16-րդ շաբաթվա ընթացքում իրականացված ուլտրաձայնային հետազոտությանը Սառան հասկացավ, որ ինչ-որ բան այն չէ: Ինքն էլ նկատեց, որ երեխաներից մեկը ձեռքերն անընդհատ շարժում է, իսկ մյուսը կարծես արգանդի անկյունում կպած լիներ: Բժշկի օգնականը, երեխաների սեռի հայտնելու փոխարեն, ինչ-որ տեղ էր շտապել:
«Սիրտս կախ ընկավ. հասկացա, որ ինչ-որ բան այն չէ», - մտաբերել է նա:
Րոպեներ անց բժիշկն էր եկել՝ տեղեկացնելու, որ երեխաների մոտ երկվորյակների ներարկումային համախտանիշ է ի հայտ եկել, եւ որ հարկավոր է անմիջապես Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոց մեկնել՝ վիրահատության համար, առանց որի պտուղներին, 98 տոկոս հավանականությամբ, չէր հաջողվելու կենդանի մնալ: Ավելին, թեեւ Դաունի համախտանիշի բացահայտմանը միտված նախընթաց հետազոտությունը բացասական արդյունք էր տվել, մտահոգություններ էին առաջ եկել, որ փոքրիկներից մեկի մոտ հիվանդության թույլ մարկեր կարող է լինել: Այդ պարագայում երկրորդի վիճակն էլ չէր կարող տարբերվել, ինչը միայն վիրաբուժական միջամտության անհնարինության պիտի հանգեցներ:
«Անսպասելիությունից քարացել էինք: Գնացել էինք լավ նորություններ եւ երեխաների սեռն իմանալու, չպատկերացնելով, որ ողջ կյանքներս է գլխիվայր շուռ գալու», - հիշողություններն է կիսել Եւգենին:
Իսկ ի՞նչ է նշանակում երկվորյակների ներարկումային համախտանիշ: Խոսքն այստեղ այն բարդության մասին է, որի առկայության պարագայում մեկ ընդհանուր ընկերք կրող երկվորյակների միջեւ արյան անհավասար հոսք է նկատվում:
«Ընկերքի մակերեսի երկայնքով մեկ երկու երեխաներին կապող արյունատար անոթներ են գործում», - մեկնաբանել է Սառայի վիրաբույժը՝ դոկտոր Ջուլի Մոլդենհաուերը:
Դեպքերի մեծամասնության պարագայում երեխաներին հաջողվում է արյան հոսքի հավասարակշռությունը պահպանել, սակայն շուրջ 15 տոկոս հավանականությամբ երկու առանձին ամնիոտիկ պարկերում տեղակայված, սակայն ընդհանուր ընկերք կրող երկվորյակներից մեկը՝ առավել փոքրը, կարող է արյուն մղել՝ մյուսի ուղղությամբ:
Մինչ այժմ բժշկության համար դեռեւս պարզ չէ, թե ինչու է երկվորյակների ներարկումային համախտանիշ առաջանում: Բարդությունը կարող է հղիության 16-րդ շաբաթից ի վեր՝ դրա ազդեցություններից մեկի՝ պտուղների շուրջ առկա ամնիոտիկ հեղուկների անհավասարակշռության տեսանելի դառնալուց հետո ախտորոշվել:
Համախտանիշը 5՝ յուրաքանչյուրը նախորդից անհամեմատ ծանր ընթացք դրսեւորող փուլերով է բնորոշվում: Ընդ որում, ախտանշաններն էլ՝ կախված բարդության զարգացման փուլից, կարող էր տարբեր լինել՝ միզարտադրության եւ պորտալարով արյան հոսքի հետ կապված խնդիրներ, սրտի անբավարարություն եւ այլն:
Երկվորյակների ներարկումային համախտանիշը արտաքինից կարող է մի շարք այլ բարդությունների, մասնավորապես՝ արգանդի աճի սահմանափակման, կառուցվածքային խանգարումների կամ սրտի բնածին արատի նմանվել: Ահա թե ինչու են ուլտրաձայնային եւ դոպլեր-հետազոտություններն ու պտղի էխոկարդիոգրաման այդչափ կարեւոր, մեկնաբանել է դոկտոր Մոլդենհաուերը:
Դրանից հետո Սառան շաբաթական երկու անգամ ուլտրաձայնային հետազոտություն էր անցնում: Բարդությունը նրա մոտ առաջին եւ երկրորդ փուլերի սահմանագծին էր հասել: «Հետազոտությունից հետազոտություն էինք ապրում», - պատմում է Սառան:
Նախկինում նմանատիպ իրավիճակների հաղթահարման նպատակով երկու տիպի վիրահատություններ էին իրականացվում: Նվազագույն ռիսկ ենթադրող ամնիոռեդուկցիայի պարագայում հղիության ընթացքում մի քանի անգամ ամնիոտիկ հեղուկի հեռացում էր նախաձեռնվում՝ պարկերում ճնշումը հավասարեցնելու նպատակով: Սեպտոստոմիայի դեպքում էլ կտրվածք էր արվում՝ ամնիոտիկ պարկերի մեմբրանների միջեւ ընկած հատվածքում՝ հեղուկների հավասարաչափ բաշխումն ապահովելու համար: Սակայն երկու միջամտությունների ընթացքում անոթային միացությունների հեռացում չէր իրականացվում, ինչը հաճախ կարող էր անհաջող ելք կանխորոշել:
Այսօր բարդության՝ առաջինից բարձր փուլերի համար բուժման լավ եղանակ՝ լազերային թերապիա է գործում, որի արդյունքներն անհամեմատ առավել գոհացուցիչ են: Վիրահատությունը, որի ընթացքում բոլոր՝ դոնոր-երկվորյակին երկրորդ պտղի հետ կապող անոթային միացությունները լազերի օգնությամբ արգելափակվում են, հղիության 16-26-րդ շաբաթների ընթացքում է իրականացվում: Արդյունքում՝ 80-90 տոկոս դեպքերում երեխաներից մեկն է կենդանի մնում, եւ 70-80 տոկոս դեպքերում՝ երկուսը:
Թեեւ լազերային թերապիան դեռեւս 1990-ական թվականներից ի վեր է կիրառվում, վերջնականապես պարզ չէ, թե ինչպիսի ազդեցություն է այն երեխաների հետագա կյանքի վրա թողնում: Որոշ մասնագետներ պնդում են, որ երկվորյակները կարող են նյարդաբանական խնդիրներ եւ դպրոցում հավելյալ օգնության կարիք ունենալ:
Վիրահատությունից օրեր առաջ իրականացված հետազոտությամբ պարզվել էր, որ Սառայի մոտ առկա բարդությունն այլեւս երկրորդ փուլ է անցել, թեեւ արդեն 3-րդի թույլ նախանշաններ եւս կային: Վիրաբուժական միջամտության հետ կապված ռիսկերից մեկը նրանում է կայանում, որ երեխաներից մեկը, սովորաբար՝ դոնորը, կարող է առանց բավարար քանակությամբ արյան մնալ, ինչը մահվան սպառնալիքով է հղի՝ մեկի կամ երկուսի համար:
Բարեբախտաբար, վիրահատությունը հաջող էր անցել, եւ երկվորյակների ամնիոտիկ հեղուկների մակարդակն աստիճանաբար հավասարակշռվել էր: Բժիշկները նաեւ պարզել էին, որ երեխաների մոտ Դաունի համախտանիշի առկայություն չի նկատվում: Հղիության 34-րդ շաբաթն էլ կեսարյան հատմամբ էր ավարտվել, ինչի արդյունքում 2,2-ական կիլոգրամ քաշով լույս աշխարհ եկած երեխաները՝ Դարենն ու Յոնը, ընդամենը երկու շաբաթ են բուժհաստատության ինտենսիվ թերապիայի բաժանմունքում անցկացրել: Այսօր նրանք առողջ են եւ էներգիայով լի:






