NEWS.am Medicine-ի ընթերցողների մեծամասնությունը կարծում է, որ որակյալ բժշկական սպասարկում ահապովելու համար ամենից կարեւոր է լավ մասնագետների առկայությունը, իսկ բոլոր այլ բաները երկրորդական են:

Խմբագրության հարցմանը 470 հոգի է մասնակցել, եւ արդյունքները ցույց են տվել, որ հարցվողների 84%-ը (395 հոգի) բժշկական սպասարկման մեջ լավ մասնագետների գործոնն են գնահատում: Հարցվողների 11%-ը (54 հոգի) կարեւորում է կլինիկաներում՝ բարձրորակ սարքավորումների առկայությունը, եւ միայն 4%-ն է կարեւորում (21 հոգի) բարձրորակ մենեջմենթը:

Ցանկացած ոլորտում իրոք որակյալ սպասարկում ապահովելու համար կարեւոր են թե մասնագետները, թե սարքավորումը եւ թե մենեջմենթը, եւ բժշկական ոլորտը բացառություն չէ: Իհարկե, եթե բժիշկը չունենա համապատասխան գիտելիքներ եւ փորձ, նա չի կարողանա իր աշխատանքը լավ կատարել՝ անկախ նրանից, թե ինչ սարքավորում է նրան տրամադրված կամ ինչպես է ամեն ինչ կլինիկայում կազմակերպված: Միեւնույն ժամանակ, առողջապահության ոլորտում շատ բան կախված է սարքավորումներից. առանց դրանց երբեմն հնարավոր չէ ոչ ախտորոշել հիվանդությունը, ոչ էլ՝ բուժել այն:

Մենեջմենթի դերը բարձրորակ բուժսպասարկման մեջ նույնպես պետք չէ թերագնահատել: Եթե կլինիկայում ամեն ինչ անկազմակերպ է, նույնիսկ ամենալավ մասնագետը՝ լավագույն սարքավորումներով ապահովված, կարող է իր գիտելիքները կիրառելու հնարավորություն չունենալ: Շատ բան կախված է բժշկական հաստատության տնօրինությունից. կա՞ արդյոք կլինիկայում կաշառակերություն; բարեխղճորե՞ն են աշխատում մասնագետները; ինչպե՞ս է կազմակերպված բուժումը; կա՞ն բյուրոկրատական քաշքշուկներ՝ այս ամենը միայն եւ միայն տնօրինությունից է կախված։