Ալյուրի հարստացման ծրագիրը հստակ ապացուցողական բազա ունի՝ հիմնված մի շարք լուրջ հետազոտությունների վրա: Այս կարծիքը լրագրողների հետ զրույցի ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանն է հայտնել:

Նրա խոսքով՝ հայտնի փաստ է, որ մինչեւ հղիությունը եւ հղիության ընթացքում ֆոլաթթուն կարեւոր նշանակություն ունի թե մոր, եւ թե պտղի համար եւ կարող է կանխել որոշ բնածին արատների առաջացումը: Փաստ է նաեւ, որ այն երկրներում, որտեղ սննդամթերքը ֆոլաթթվող է հարստացվել (օրինակ, ԱՄՆ-ում, Կանադայում եւ Չիլիում), նկատելիորեն կրճատվել է ֆոլաթթվի պակասի պատճառով առաջացող արատներով երեխաների ծնունդը:

Թաթուլ Հակոբյանի խոսքով, ԱՀԿ վերլուծությունների, գիտական հետազոտությունների եւ երկրների հաշվետվությունների շնորհիվ ստեղծվել է մի բազա, որի վրա կարելի է հիմնվել՝ հանրային առողջությանը վերաբերվող որոշումներ կայացնելիս:

Օրինակ, եթե երկրի հիվանդացության եւ մահացության ցուցանիշները համադրելի են մեկ այլ երկրի ցուցանիշների հետ, որտեղ հանրային առողջության բարելավմանն ուղղված ծրագիր է իրականացվել եւ այն արդյունավետ է եղել, կարելի է հիմվել այդ երկրի փորձի վրա եւ նմանատիպ ծրագիր իրականացնել:

Հիշեցնենք, որ «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագծի նպատակն է, նախագծի հեղինակների խոսքով, հաղթահարել այն բոլոր հիվանդությունները, որոնք առաջանում են որոշ միկրոէլեմենտների՝ մասնավորապես, երկաթի եւ ֆոլաթթվի անբավարարության պատճառով: