Որոշ մարդիկ սիրում են տոնական սեղանը զարդարել անսովոր, էկզոտիկ ճաշատեսակներով։ Եթե Ձեր ծանոթների շրջանում կան անսովոր ճաշատեսակների սիրահարներ, հավանականությունը մեծ է, որ մոտակա օրերին նրանց հյուր գնալիս Ձեզ կառաջարկեն որեւէ էկզոտիկ ճաշատեսակ, օրինակ՝ տապակած կոկորդիլոս, որն անցյալ տարի այդքան աղմուկ էր բարձրացրել։
Պե՞տք է արդյոք հյուր գնալիս փորձել այդպիսի էկզոտիկ ճաշատեսակներ կամ էլ նույնիսկ դրանցից տանը պատրաստել։ Չէ՞ որ պարզ չէ, թե անծանոթ սննդին ինչպես կարձագանքի օրգանիզմը։
Դիետոլոգ Հասմիկ Աբովյանը կարծում է, որ նոր, էկզոտիկ ճաշատեսակներ փորձելու մեջ ոչ մի վատ բան չկա, հատկապես, եթե դրանք մսային ուտեստներ են, քանի որ վերջիններս հարուստ են սպիտակուցներով, իսկ սպիտակուցները շատ օգտակար են հատկապես նիհարել ցանկացողների համար։
Սակայն նախքան անծանոթ ճաշատեսակ փորձելը ցանկալի է համոզվել, որ այն պատրաստված է թարմ մթերքներից եւ լավ է եփված կամ տապակված (այսինքն՝ հում չի մնացել)։ Իհարկե, Ձեզ հյուրընկալող մարդկանց հարցնել, թե արդյոք միսը պարտադիր ջերմային մշակում է անցել, այնքան էլ գեղեցիկ չէ, բայց հիշեք, որ կիսաեփ միսը շատ վտանգավոր է։
Հավանաբար էկզոտիկ ճաշատեսակներ փորձել պետք է այն դեպքում, երբ ինքներդ եք ցանկանում։ Եթե ճաշատեսակի տեսքը կամ հոտը Ձեզ մոտ գարշանք է առաջացնում, դրանից հրաժարվելը լիովին տրամաբանական է։






