«Մանչեսթեր Յունայթեդ» ակումբում մարզվող երիտասարդ բրիտանացի Ռորի Կերտիսը զարմացրել է բոլորին, այդ թվում եւ իրեն, կոմայից հետո արթնանալով ուղղակի իմաստով լրիվ կերպարանափոխված: Ավտովթարից հետո, որի ժամանակ բրիտանացին գլխուղեղի արյան զեղում է ստացել, բժիշկներին հաջողվել է փորձարարական դեղամիջոցի օգնությամբ փրկել նրա կյանքը: Բայց ոչ ոք չէր կարող մտածել, որ հրաշք դեղամիջոցը միանգամայն արտասովոր կողմնակի ազդեցություններ կունենա:
Նորարարական բուժումից հետո հիվանդի վիճակն արագ բարելավվել է, եւ նա գիտակցության է եկել: Միայն կրտսեր դասարաններում եւ ստիպողաբար ֆրանսերեն սովորած Կերտիսը հանկարծ սկսել է փայլուն խոսել սիրո լեզվով: Ուշքի գալով՝ նա հեշտությամբ շփվել է ֆրանսախոս աֆրիկական երկրից ժամանած բուժքրոջ հետ:
«Անգլիացի հիվանդի» գլխում նաեւ այլ տեղաշարժեր են եղել: Կերտիսն ուշքի է եկել այն լիարժեք վստահությամբ, թե ինքը հոլիվուդյան աստղ Մեթյու Մաքքոնախին է: Հիվանդը մտահոգվել է, որ հիվանդանոցում է մնացել եւ, կարոտելով նկարահանումները, հետաքրքրվել է, թե երբ կարող է աշխատանքի վերադառնալ:
«Մի անգամ ես գնացի զուգարան եւ հայելու մեջ նայեցի՝ ակնկալելով տեսնել գրավիչ շիկահեր տղամարդու: Ես շոկի մեջ ընկա. հայելուց ինձ էր նայում ոչ թե Մեթյու Մաքքոնախին, այլ բոլորովին անծանոթ մարդ»,-հիշում է բրիտանացին՝ ցավով հասկանալով, որ ինքնը հոլիվուդյան հանրահայտ անձ չէ: Բայց ինչ-որ տեղ Կերտիսը որպես հանրահայտ անձ է արթնացել:
Երբ վերջինս հիվանդանոց ընկավ, բժիշկները շատ կասկածներ ունեին, թե նրան արդյոք կհաջողվեր ողջ մնալ: Նա նոր միջոցներով եւ մեթոդներով գլխուղեղի տրավմայի համար բուժում ստացած Մեծ Բրիտանիայի թվով երկրորդ բնակիչն է:
Ռորիի կենսունակությունը վերականգնելու համար օգտագործվել է Պաշտպանության նախարարության բժիշկների՝ վիրավոր զինվորներին բուժելու համար մշակված մեթոդը։
Կերտիսը ինքնագիտակցության է եկել ՃՏՊ-ից վեց օր անց, իսկ երկու ամսից հետո նրան դուրս են գրել հիվանդանոցից: Պրոֆեսիոնալ կամ նույնիսկ սիրողական ֆուտբոլի մասին արդեն խոսք լինել չէր կարող: Երիտասարդը վարսավիրություն է սովորել, աշխատում է իր բարեկամուհու Բիրմինգհեմում գտնվող գեղեկցկության սրահում: Նա իրեն այլեւս հոլիվուդյան աստղ չի համարում, սակայն նախկինի պես ֆրանսերեն լավ է խոսում եւ շարունակում է կատարելագործվել այդ լեզվի բնագավառում:






