Գվալիոր հնդկական քաղաքում բժիշկների խումբը յոթամյա տղայի բերանից 80 ատամ է հեռացրել: Վիրահատությունը մոտ չորս ժամ է տեւել

Ինչպես հաղորդում է The Times of India-ն, երեխայի մոտ, ում անունը չի հրապարակվում, վերին ծնոտի աբսցես (թարախակույտ) է սկսվել, որը շատ հազվադեպ է պատահում այդ տարիքում: Վիրահատությանը մասնակցած բժիշկ Անկիտ Խասգիվալի (Ankit Khasgiwala) խոսքով երեխայի մոտ ավելորդ ատամները ձեւավորվել են հենց աբսցեսի պատճառով:

Բժիշկների խոսքով, եթե երեխայի ծնողները օգնության չդիմեին, տղայի բերանում չորս տարվա ընթացքում մինչեւ երկու հարյուր ատամ կարող էր ձեւավորվել:

 «Վիրաբուժությունը նման դեպքերում բարդությունների է հանդիպում, քանի որ ծնոտը թուլանում է, եւ մեծանում է կոտրվածքների առաջացման հավանականությունը»,-բացատրել է բժիշկը:

Հիշեցնենք, որ հուլիսի կեսերին մումբայցի վիրաբույժները 17-ամյա Աշիկ Հավայիի բերանից 232 ատամ էին հեռացրել: Տղան բարդ օդոնտոմա՝ բնածին արատ ուներ, որի ժամանակ բերանում ձեւավորվում են ավելորդ կոշտ հյուսվածքներ:

Ի դեպ, ավելորդ ատամներ երբեմն ոչ միայն բերանում են առաջանում. Սաուդյան Արաբիայի 22-ամյա բնակչի քթից բժիշկները 1 սանտիմետրանոց ատամ են դուրս քաշել: